Հունաստանի տնտեսությունը 2024-ին կարող է հասնել նախաճգնաժամային մակարդակին
Հունաստանի տնտեսությունը արագ աճ է գրանցում, և արդեն այս տարի կկարողանա լիովին վերականգնվել մինչև 2009-ի նախաճգնաժամային մակարդակները։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Հունաստանի վիճակագրական ծառայության տվյալներին։
Գործակալությունը հիշեցնում է, որ պարտքային ճգնաժամը Հունաստանում սկսվել է 2010 թվականին, որը նշանավորվել է տարիների խնայողությամբ։ Ներդրողների և պաշտոնյաների կարծիքով այս տարի ճգնաժամից հետո տնտեսության վերականգնումը պետք է ամբողջությամբ ավարտվի։ Հունաստանի վիճակագրական ծառայության կանխատեսման համաձայն՝ ընթացիկ տարում երկրի տնտեսական աճը կկազմի գրեթե 3%՝ հասնելով նախաճգնաժամային մակարդակին և առաջ անցնելով եվրոգոտու մյուս երկրների միջին՝ 0.8% ցուցանիշից: Ընդ որում, գործակալությունը նաև նշում է, որ շատ հույների համար տնտեսական վերականգնումն էապես չի ազդել կենսամակարդակի բարձրացման տեսանկյունից: Հունաստանը գործազրկության մակարդակով երկրորդն է ԵՄ երկրների շարքում և ամենացածր ՀՆԱ ունեցողներից մեկը, որը գնահատվում է գնողունակության համարժեքությամբ:
Հիշեցնենք՝ 2018-ի օգոստոսին Հունաստանը հաջողությամբ ավարտեց արտաքին մակրոֆինանսական աջակցության երրորդ ծրագիրը և դուրս եկավ օտարերկրյա վարկատուների կողմից ղեկավարվող ռեժիմից, որի տակ գտնվում էր 2010 թվականից: Սակայն միջազգային վարկային կազմակերպությունները շարունակում են վեց ամիսը մեկ գնահատել Հունաստանի տնտեսության վիճակը։
ԵՄ կողմից վերահսկողությունը, որը մնում է Հունաստանի հիմնական միջազգային վարկատուն այն բանից հետո, երբ երկիրը վճարել է ԱՄՀ-ին իր բոլոր պարտքերը, կշարունակվի այնքան ժամանակ, մինչև Հունաստանը չմարի իր վարկերի 75%-ը երեք ծրագրերի շրջանակներում, որոնք, համաձայն ընթացիկ ծրագրի, տեղի կունենա 2059-ին:
Միևնույն ժամանակ, Հունաստանը, մարելով ԵԿԲ-ի վարկային պարտավորությունները, նման գումարներ է վերցնում ազատ ֆինանսական շուկայում, ինչի պատճառով նրա պարտքը պաշտոնական վարկատուին աստիճանաբար նվազում է, բայց մասնավոր վարկատուների նկատմամբ նոր պարտք է առաջանում։
Դեկտեմբերին ընդունված 2024 թվականի պետական բյուջեի համաձայն՝ նախատեսվում է պետական պարտքի անկում՝ հասնելով ՀՆԱ-ի 152.3%-ի։
Աղբյուրը` b24.am