2022-ի փետրվարի վերջից Ուկրաինան ԱՄՆ-ից ստացել է մոտ 23 միլիարդ դոլարի բյուջետային օգնություն

2022-ի փետրվարի վերջից Ուկրաինան ԱՄՆ-ից ստացել է մոտ 23 միլիարդ դոլարի բյուջետային օգնություն

Պաշտոնական Վաշինգտոնը 2022 թվականի փետրվարի վերջից մինչ օրս Կիևին տրամադրել է մոտ 23 միլիարդ դոլարի բյուջետային օգնություն։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ֆինանսների նախարար Սերգեյ Մարչենկոն։

«2022 թվականի փետրվարի 24-ից ԱՄՆ-ից ստացված բյուջետային աջակցության ընդհանուր ծավալը կազմում է շուրջ 23 միլիարդ դոլար։ Հավաքագրված միջոցները զգալի ներդրում են ունեցել մեր երկրի ֆինանսական համակարգի կայունության գործում», – ասել է ուկրաինացի պաշտոնյան:

Վաշինգտոնում ԱՄՆ ֆինանսների փոխնախարար Ջեյ Շամբոյի հետ հանդիպման ժամանակ Մարչենկոն նաև ասել է, որ Ուկրաինայի համար «չափազանց կարևոր» է պահպանել ԱՄՆ-ի օգնությունը:

«Մենք ակնկալում ենք, որ Միացյալ Նահանգների Կոնգրեսը որքան հնարավոր է շուտ համապատասխան որոշում կկայացնի՝ հավանություն տալու Ուկրաինային 2024 թվականի օգնության փաթեթին»,- հավելել է նա։

Ընթացիկ տարում Ուկրաինային անհրաժեշտ է 37.2 միլիարդ դոլար արտաքին ֆինանսավորում, որից 10.2 միլիարդ դոլարը Կիևն արդեն ստացել է։

Աղբյուրը՝    b24.am