Հայկական Granatus Ventures-ը ներդրում է կատարել Sparxell-ում

Հայկական Granatus Ventures-ը ներդրում է կատարել Sparxell-ում

Հայկական առաջին վենչուրային ֆոնդը՝ Granatus Ventures-ը, բարձր արդյունավետության, կենսաքայքայվող, բույսերի վրա հիմնված գունանյութերի մշակմամբ զբաղվող, Միացյալ Թագավորությունում հիմնված Sparxell ընկերությունում նախասաղմնային ներդրում է կատարել: «Արմենպրես»-ի փախանցմամբ՝ այս մասին ֆոնդը հայտարարություն է տարածել:

«Granatus-ը կիսում է մեր նկրտումները՝ մեր մոլորակի կայունության գործում նշանակալից ներդրում ունենալու ուղղությամբ: Անհամբերությամբ սպասում ենք Granatus-ի թիմի հետ աշխատելուն»,- ասել է Sparxell-ի հիմնադիր և գործադիր տնօրեն դոկտոր Բենջամին Դրոգեն:

Ներդրողների շարքում են The Circular Innovation Fund-ը, որի հիմնական ներդրողը L’Oréal Groupe-ն է, ինչպես նաև Future Communities Capital-ը, կայունության վրա կենտրոնացած ներդրող PDS Ventures-ը, Katapult-ը և կենսատեխնոլոգիաների ու սպառողական ոլորտների ներդրող Joyance Partners-ը:

«Sparxell-ի նորարարական բուսական հիմքով գունանյութերը համոզիչ լուծում են տալիս ավանդական քիմիական գունանյութերի կողմից առաջացած բնապահպանական մարտահրավերներին: Մենք ուրախ ենք աջակցել Sparxell-ին դեպի ավելի կայուն ապագա իր ճանապարհին: Մենք հավատում ենք, որ հայկական էկոհամակարգի հետ կապը կխթանի Sparxell-ի տաղանդների հասանելիությունը և աճի ներուժը», - նշել է Granatus Ventures-ի համահիմնադիր և գործընկեր Երվանդ Սարկիսյանը:

Sparxell-ը հիմնադրվել է 2022 թվականին Քեմբրիջի գիտնականների կողմից՝ դոկտոր Բենջամին Դրոգեի և պրոֆեսոր Սիլվիա Վիգնոլինիի գլխավորությամբ: