Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալները ընդունել են Եվրոպայի խորհրդի պատվիրակությանը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալները ընդունել են Եվրոպայի խորհրդի պատվիրակությանը
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալներ Դավիթ Խաչատրյանը, Աննա Ժամակոչյանը, Տաթևիկ Ստեփանյանը և Ռուբեն Սարգսյանն ընդունել են Եվրոպայի խորհրդի պատվիրակությանը, որի կազմում են եղել խորհրդի ծրագրերի համակարգման տնօրեն Կլաուս Նոյկիրխը, ներգաղթի և փախստականների հարցերով գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Դավիդ Բեստը, երևանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, Հայաստանի և Կենտրոնական Ասիայի հարցերով խորհրդական Արկադի Սիտինը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության զարգացման ուղղություններին, համատեղ իրականացված միջոցառումների արդյունքներին և նախատեսվող ծրագրերին վերաբերող մի շարք հարցեր․ դիտարկվել է նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության գործընթացում ԵԽ աջակցության հնարավորությունը։
 Նախարարի տեղակալները ներկայացրել են սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող աշխատանքները՝ մանրամասնելով ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ուղղված ծրագրերը սոցիալական աջակցության, բնակարանային ապահովության, զբաղվածության և հավասար հնարավորությունների ապահովման ոլորտներում։
Վերջիններս նշել են, որ հայրենակիցներին սոցիալական աջակցության և անհրաժեշտ այլ ծառայությունների տրամադրումից զատ՝ այժմ ՀՀ կառավարության առաջնահերթություններից է նրանց բնակապահովման հարցը։
ԵԽ պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել մանրամասն տեղեկատվություն տրամադրելու համար և համագործակցության շարունակականության պատրաստակամություն հայտնել։ Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքային կարգով ընթացք տալ քննարկված հարցերին։