Կառավարությունը գյուղատնտեսության ոլորտում նախատեսում է մասամբ կիսել նաև ապահովագրական ռիսկը

Կառավարությունը գյուղատնտեսության ոլորտում նախատեսում է մասամբ կիսել նաև ապահովագրական ռիսկը

Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ 2024 թ. գյուղատնտեսական տարվա համար գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացումն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված։

Ըստ հիմնավորման՝ ծրագրի շրջանակում 2023 թ. ապահովագրվել են ծիրան, խաղող, դեղձ, սալոր, խնձոր, կեռաս, բալ, ձմերուկ, սեխ, կարտոֆիլ, աշնանացան/գարնանացան ցորեն, գարի և վարսակ մշակաբույսերը։ Ապահովագրվող ռիսկերն են եղել՝ գարնանային ցրտահարությունը, երաշտը, կարկուտը և հրդեհը։ 2023 թ. գյուղատնտեսական տարվա համար ապահովագրվել էր 11 662 հա հողատարածք, ապահովագրավճարը կազմել էր շուրջ 1,8 մլրդ դրամ, դեկտեմբերի 31-ի դրությամբ տրամադրվել էր շուրջ 3864 ապահովագրական հատուցում՝ շուրջ 2,7 մլրդ դրամի չափով։

Ինչպես նշել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, 2024 թվականին, պայմանավորված ՀՀ գյուղատնտեսության ապահովագրության շուկայից վերաապահովագրական ընկերության դուրս գալով, ապահովագրական ընկերությունները չէին կարող ստանձնել ապահովագրության ռիսկերն ամբողջությամբ՝ հաշվի առնելով կլիմայի փոփոխությամբ պայմանավորված բարձր վնասաբերությունը։ «Այդ է պատճառը, որ ծրագիրը ժամկետից ուշ մեկնարկեց, ուստի անհրաժեշտություն է առաջացել այս տարվա համար ժամանակավոր լուծում գտնել և վերափոխել ծրագրի մոտեցումները: Ծրագրին ապահովագրական ընկերությունների մասնակցությունը ապահովելու համար առաջարկվում է, որ այս տարի կառավարությունը, բացի ապահովագրավճարների սուբսիդավորումից, մասամբ կիսի ապահովագրական ռիսկը: Այսինքն՝ կաջակցի նաև ապահովագրական ընկերություններին ապահովագրական հատուցումների որոշակի շեմը գերազանցելու դեպքում՝ փոխհատուցում տրամադրելու միջոցով»,- ասել է Գևորգ Պապոյանը։

Մասնավորապես՝ նախատեսվում է գործակալության անդամ յուրաքանչյուր ապահովագրական ընկերությանը փոխհատուցել ապահովագրական ընկերության կողմից ընդհանուր հավաքագրված ապահովագրավճարի հանրագումարի 70 տոկոսի չափը գերազանցող տնտեսվարողներին փոխհատուցված ապահովագրական հատուցումների 80 տոկոսը: Նախարարը նշել է, որ 2024 թվականին կառավարությունն աջակցություն է ցուցաբերելու նաև գյուղատնտեսությանն ապահովագրողների ազգային գործակալության գործառնական և մնացած այլ ծախսերի համար։