Ջանքեր են գործադրվում Հայաստանի հետ առևտուրը տարեկան մեկ միլիարդ դոլարի հասցնելու ուղղությամբ
Բիզնես ատաշե»-ի հյուրն է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Աբբաս Բադախշան Զոհուրին
-Մեծարգո պարոն դեսպան, Հայաստանը միշտ բարձր է գնահատել երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները և կարևորել տնտեսական փոխգործակցության խորացումը: Ինչպե՞ս եք գնահատում համագործակցության ներկա մակարդակը:
-Առևտրի ոլորտում երկու կողմերը նպատակադրված են ջանքերն ուղղել առևտուրը տարեկան մեկ միլիարդ դոլարի հասցնելուն: 2021թ.-ի երկկողմ ապրանքաշրջանառության զգալի աճով և այն ավելի քան կես միլիարդ դոլարի հասցնելով՝ մենք երկկողմ առևտրի նոր ռեկորդ սահմանեցինք և կարծես թե ճիշտ ուղու վրա ենք գտնվում։ Այս առումով շատ կարևոր է Իրանի և Եվրասիական տնտեսական միության միջև արտոնյալ առևտրի համաձայնագրի կնքումը, որն իրագործվում է 2018թ.-ից։ Երկու կողմերն ավելի քան երբևէ, մեծ ուշադրություն են դարձնում մեր երկրների միջև տրանսպորտային ուղիներին, և մենք մոտենում ենք կարևոր տրանսպորտային նախագծերի իրականացմանը։ Էներգիայի փոխանակման ոլորտում, երկու երկրների միջև այդ ծավալները մեծացնելու նպատակով ձգտում ենք ավարտին հասցնել առկա նախագծերը և երկարաձգել պայմանագրերը։
-Բարձր մակարդակի պաշտոնական հանդիպումներում մշտապես առաջնային է համարվել ոչ միայն երկկողմ ապրանքաշրջանառության ծավալի մեծացումն, այլև՝ գործակցության խորացումը արդյունաբերության, զբոսաշրջության և ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ: Ո՞ր ոլորտներն եք ավելի իրատեսական համարում՝ փոխշահավետության տեսակետից:
-Վերջին տարիների փորձը ցույց է տվել, որ այս բոլոր նպատակներն իրատեսական են, սակայն պահանջում են ավելի մեծ ջանքերի գործադրում ու հետևողական աշխատանք: Երկկողմ առևտրի աճը, ենթակառուցվածքային նախագծերի վրա կենտրոնացումը, Հայաստան այցելող զբոսաշրջիկների մեջ իրանցիների բարձր տեսակարար կշիռը, ներդրումների և համատեղ տնտեսական համագործակցության նպատակով իրականացվող այցերի ավելացումը, վկայում են այս գնահատականի մասին:
-Հայաստանի տարածքով նախատեսվող տրանսպորտային միջանցքի գործարկումը թույլ կտա Իրանին դիվերսիֆիկացնել դեպի Ռուսաստան ու Եվրոպա բեռնափոխադրման ուղիները։ Այս առումով ո՞րն է Ձեր տեսակետը և արդյո՞ք այս շրագիրը դեռևս օրակարգային է։
-Իրանի հստակ քաղաքականությունն է՝ ունենալ բազմազան տրանսպորտային ուղիներ, որոնք կերաշխավորեն տարածաշրջանի կայունությունը, ինչպես նաև՝ մեր տնտեսական անվտանգությունը: Վերջին ամիսների ընթացքում մենք բազմիցս կրկնել ենք, որ մեզ համար կարևոր է Հայաստանի տարածքով ապահով և անվտանգ տրանսպորտային ուղիներ ունենալը։ Հայաստանի տարածքով անցնող ցամաքային ճանապարհը մեզ համար կարևոր է եղել, կարևոր է և ապագայում նույնպես կարևոր կլինի։
-Պատերազմից հետո խնդիր էր առաջացել նաև Իրան-Հայաստան բեռնափոխադրումների համար: Խնդրում եմ, ավելի հանգամանորեն խոսեք դրանց տնտեսական և տեխնիկական կողմերի մասին:
-2021թ. իրադարձությունները հստակ ցույց տվեցին երկու երկրների միջև առևտրի համար անվտանգ և առանց խոչընդոտների ճանապարհ ունենալու կարևորությունը։ Հայաստանի կառավարության լուրջ ջանքերի և հետևողական աշխատանքների շնորհիվ այլընտրանքային երթուղի կառուցվեց: Կարճաժամկետ ընթացքում իրանցի վարորդներից գանձվեցին պարտադրված գումարներ, ինչը հավանաբար ժամանակավոր ազդեցություն ունեցավ երկու երկրների միջև առևտրի վրա: Բայց մենք շատ արագ հաղթահարեցինք այս փուլը և ձեռնարկված ընթացիկ միջոցառումների շնորհիվ, հատկապես առաջիկա մի քանի տարիների հեռանկարում, Հայաստանի տարածքում հյուսիս–հարավ մայրուղու Տրանշ-4-ի կառուցմամբ, ականատես կլինենք ավելի լավ վիճակի:
-Թեև զրույցի սկզբում փոքրիկ անդրադարձ եղավ ԵԱՏՄ-Իրան համագործակցության համաձայնագրին, բայց կխնդրեմ մանրամասնել, թե ինչ սպասում ունի Իրանը համագործակցության այս ձևաչափից։
-Մենք ականատես ենք լինում այս համաձայնագրի ամենակարևոր նպատակի իրագործմանը, այն է՝ միության անդամ պետությունների հետ առևտրի ծավալների մեծացումը և դյուրացումը: Կողմերը նաև ձգտում են խորացնել այս տնտեսական հարաբերությունները, որի առաջին քայլը կլինի ավելի լայն առևտրային համաձայնության հասնելը: Այս գործընթացը կօգնի և ավելի լայն հնարավորություններ կստեղծի համաձայնագրի բոլոր կողմերի համար, ինչպես նաև կնվազեցնի մարտահրավերները միջազգային հարթակներում:
-Հայկական և իրանական կողմերը ջանքեր են գործադրում երկկողմ տնտեսական համագործակցության մեջ նոր հաջողություններ արձանագրելու ուղղությամբ, ինչպես օրինակ` Հայաստան մտնող իրանական գազի ծավալների մեծացում, հյուսիս- հարավ (Իրան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան) էներգահամակարգերի միավորում, ՀՀ-ում հողմային էլեկտրակայանների կառուցում և այլն, այսօր դրանցից ո՞րն է իրատեսական։
-Համաշխարհային էներգետիկ շուկան այժմ ցնցումների մեջ է: Իրանը կենտրոնացած է էներգառեսուրսների ոլորտում ավելի մեծ ներդրումներ կատարելու, արտադրության ծավալները մեծացնելու և էներգետիկ շուկայում իր հաճախորդների դիվերսիֆիկացման վրա: Այսպիսի կարևորության նախագծերի վերաբերյալ կարծիք հայտնելու համար անհրաժեշտ է մանրակրկիտ դիտարկել և գնահատել շուկայական նոր իրողությունները:
Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարությունը ձգձգվում է, ծրագրի իրականացումը շեշտակիորեն կմեծացնի գազի և էլեկտրաէներգիայի փոխանակման և վաճառքի ծավալները:
-Էներգիայի փոխանակման ծավալները մեծացնելու շուրջ բանակցությունները դեռ շարունակվում են, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար պարոն Հակոբ Վարդանյանը վերջերս եղել է Թեհրանում և հաջող բանակցություններ է ունեցել: Մենք հույս ունենք, որ կմոտենանք վերջնական արդյունքի: Դիտարկվում է նաև էլեկտրացանցերի ինտեգրման նախագիծը, որն աստիճանաբար կիրականացվի էլեկտրահաղորդման գծերի շինարարական աշխատանքների ավարտով։ Տարբեր կողմերի ներդրումն այս ծրագրում վկայում է հարցի իրատեսական լինելու մասին: Մենք ականատես ենք լինում վերականգնվող էներգիայի ոլորտում Հայաստանի կողմից համապատասխան ներդրումների իրականացմանը, որը կարող է տարածաշրջանում էներգետիկ փոխանակումների ծավալների մեծացման աղբյուր հանդիսանալ:
-Մեղրու ազատ տնտեսական գոտու վերաբերյալ ինչպիսի՞ դիտարկումներ կան։ Այս պահին այն չի գործում, արդյոք բացի համաճարակից այլ պատճառներ կան։
-Կողմերը քննարկում են ազատ գոտիների ներուժի առավել օգտագործման հնարավորությունը՝ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում: Որոշ հայ ներդրողներ նախատեսում են ներկա գտնվել և գործունեություն ծավալել Իրանի Արաս ազատ գոտում, իսկ որոշ իրանական ընկերություններ փոխադարձաբար հանդես են եկել ՝ Մեղրի ազատ գոտում գործունեություն ծավալելու ուղղությամբ առաջարկներով։ Ենթակառուցվածքների ապահովման արագացումը, խոչընդոտների վերացումը, իրավական կարգավորումների դյուրացումը կնպաստեն երկկողմ համագործակցության զարգացմանը:
-Հայաստանը և Իրանը զբոսաշրջության ուղղությամբ մեծ անելիքներ ունեն։ Այս առումով ՝ Ձեր գնահատականը։
-Մոտավորապես մի քանի ամիս առաջ Հայաստանի պաշտոնյաների Թեհրան կատարած այցի շրջանակում զբոսաշրջության ոլորտում երկու երկրների համագործակցության մասին նոր փաստաթուղթ է ստորագրվել: Իրանի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարարությունը Հայաստանը դիտարկում է զբոսաշրջության ոլորտում համագործակցության կարևոր երկրներից մեկը։ Հայաստանում օտարերկրյա զբոսաշրջիկների զգալի մասը կազմում են իրանցի զբոսաշրջիկները: Ուստի, պետք է ձգտենք զբոսաշրջության սահուն, երկկողմ և կայուն հոսքեր ապահովել, որն իր հերթին կնպաստի մարդկանց միջև փոխհարաբերությունների ընդլայնմանը, միմյանց մասին ճանաչողության ավելացմանը և տնտեսական հարաբերությունների խորացմանը:
- Ե՞րբ է նախատեսվում հայ-իրանական միջկառավարական հանձնաժողով հերթական նիստը և ի՞նչ օրակարգով։
-Մենք պլանավորում ենք երկու երկրների միջկառավարական հանձնաժողովի 17-րդ նիստն անցկացնել 2022թ.-ի մայիսին։ Որպես համագործակցության մասին նոր փաստաթուղթ ավելի քան 20 էջանոց նախագիծ է առաջարկվել, և մինչ հանձնաժողովի նիստի անցկացումը նախատեսվում է կազմակերպել փորձագիտական հանդիպումներ։ Առաջարկվող տեքստը ներառում է երկու երկրների տնտեսական համագործակցության տարբեր ոլորտներ։ Առաջարկվել են նաև երկու երկրների միջև համագործակցության և համատեղ ներդրումների համար նախատեսվող նոր ոլորտներ։
- Ինչպե՞ս կբնութագրեք իրանահայ համայնքը:
-Պատմության ընթացքում հայերն ապրել են ներկայիս Իրանի տարածքում, ինչպես նաև՝ հարակից տարածքներում, այդ թվում՝ ներկայիս Հայաստանի տարածքում: Չնայած պատմության բոլոր վայրիվերումներին, իրանցիները և հայերը հարգալից հարաբերություններ են ունեցել և խաղաղ ապրել են միասին: Իրանահայությունը, որպես իրանական հասարակության մաս, եղել է մշակութային և կրոնական բազմազանության հիմնասյուներից մեկը և իհարկե, արտաքին աշխարհի հետ Իրանի կապի ուղիներից մեկը։ Այս համեմատաբար փոքր բնակչությունը զգալի ներդրում է ունեցել նաև Իրանի մշակույթի, գիտության, արվեստի, տնտեսության և նույնիսկ քաղաքականության մեջ: Այս փաստերն են հանգեցրել իրանահայերի բարի համբավին՝ որպես իրանական հասարակության մաս: