Խորհրդակցություն Սյունիքի մարզում

Խորհրդակցություն Սյունիքի մարզում

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանն ապրիլի 3-ին Սյունիքի մարզ այցի ընթացքում աշխատանքային քննարկում է ունեցել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի, ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանի ու մարզի համայնքների ղեկավարների հետ։

Հանդիպման նպատակն էր տեղում ՏԻՄ-երի հետ քննարկել բնապահպանական ոլորտին առնչվող խնդիրները, հստակեցնել համայնքներին պատվիրակված լիազորությունների շրջանակում կատարվող աշխատանքները։

Առանձնակի ուշադրություն է հրավիրվել մարզում ընթացող լայնածավալ շինարարական աշխատանքների հետևանքով մթնոլորտ արտանետվող փոշու կանխարգելմանը, ճանապարհաշինարարության ընթացքում իրականացվող հողագրունտային հանույթներին, ընդերքօգտագործման, անտառահատումների վերահսկողությանը, ՀՀ ջրային օրենսգրքում կատարված փոփոխությունների արդյունքում ջրառի կետերում առցանց ջրաչափերի տեղադրման գործընթացի վերաբերյալ խնդիրներին: Բարձրացված մի շարք հարցերին տեղում տրվել են առաջարկներ ու լուծումներ։

Խորհրդակցության ավարտին կողմերը կարևորել են նմանատիպ կառուցողական և արդյունավետ քննարկումները։