Գեղարքունիքի մարզպետի մոտ կայացած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են բազմաբնույթ հարցեր

Գեղարքունիքի մարզպետի մոտ կայացած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են բազմաբնույթ հարցեր
 
Ապրիլի 1-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի մոտ հրավիրված աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվեցին բազմաբնույթ ու առաջնահերթ նշանակության հարցեր։
Ըստ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի հաղորդագրության, քաղաքաշինության, կրթության, ֆինանսական, առողջապահության և սոցիալական, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության ոլորտների պատասխանատուները զեկուցեցին նախորդ խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների կատարման արդյունքների մասին։
Զեկուցումներում ընդգրկված էին ԼՂՀ-ից բռնի տեղահանված ընտանիքներին մարզի տարածքում միջազգային և այլ կազմակերպությունների կողմից իրականացվող օգնությունների տրամադրման հասցեականության, համայնքային բյուջեների եկամուտների հավաքագրման առաջին եռամսյակի արդյունքների ամփոփման, աղբահանության կազմակերպման, խոշոր ապառքներ կուտակած և հարկային վարչարարության անհրաժեշտ մակարդակ չապահոված համայնքների հետ համապատասխան աշխատանքներ տանելու, Մարտունի համայնքի Վաղաշեն բնակավայրի «Չորանոց» տանող թաղամասում գազի գծի անցկացման, Երանոսի N 1 միջնակարգ դպրոցի վերանորոգման տեխնիկական առաջադրանքների կազմման աշխատանքների, նոր դպրոցական շենքեր կառուցելու նպատակով քանդման ենթակա դպրոցների գույքի հաշվառման, գյուղատնտեսական նշանակության հողատեսքերի նպատակային օգտագործման, ՀՀ կառավարության կողմից 2024 թվականին իրականացվող գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության և «Բուսաբուծության աջակցության» ծրագրերը բնակչությանը տեղերում իրազեկելու, 0-ից մինչև 18 տարեկան երեխաների պատվաստման գործընթացի, համայնքների ղեկավարների և ավագանիների կողմից ընդունված որոշումների իրավաչափության ուսումնասիրման հետ կապված հարցերը։
Զեկուցվող ու քննարկվող բազմաբնույթ հարցերի շրջանակում Կարեն Սարգսյանն առավել կարևորեց ՀՀ կառավարության կողմից իրականացվող «300 դպրոց և 500 մանկապարտեզ» ծրագրում ընդգրկված Գավառի թիվ 5 հիմնական և թիվ 7 միջնակարգ դպրոցների նոր շենքերի կառուցման գործընթացների արդյունքում ի հայտ եկած խնդիրների կարգավորման հարցը։
«ՀՀ կառավարության կողմից իրականացվող «300 դպրոց և 500 մանկապարտեզ" ծրագրի շրջանակներում Գավառի թիվ 5 հիմնական դպրոցի շենքը ամբողջությամբ և Գավառի թիվ 7 միջնակարգ դպրոցի շենքը մասնակիորեն պետք է քանդվեն և կառուցվեն հիմքից։
 
Նշյալ դպրոցներում դասապրոցեսները ժամանակավորապես կազմակերպելու նպատակով նախատեսվել է՝ Գավառի թիվ 5 հիմնական դպրոցի դասերը կազմակերպել Գավառի թիվ 1 հիմնական դպրոցում, Գավառի թիվ 7 միջնակարգ դպրոցի դասերը՝ նույն դպրոցի շենքի չքանդվող հատվածում։
Բայց դասապրոցեսներն անխոչընդոտ կազմակերպելու համար պետք է նախատեսված տարածքներում իրականացնել նորոգման աշխատանքներ, ինչի համար անհրաժեշտ է սեղմ ժամկետներում ձեռք բերել նախագծանախահաշվային փաստաթղթեր»,-հանձնարարեց մարզպետը։
Խորհրդակցության ավարտին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները ստացան նոր հանձնարարականներ։