Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը մասնակցել է «Գյուղատնտեսության ոլորտի դիմակայության և արդյունավետության բարձրացում․ հանրային ներդրումների առաջնահերթությունների քննարկում» աշխատաժողովին։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ Էկոնոմիկայի նախարարության լրատվության վարչությունից:
Աշխատաժողովը կազմակերպվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Համաշխարհային բանկի համատեղ նախաձեռնությամբ։
Միջոցառման նպատակն էր որոշել հանրային ներդրումների առաջնահերթությունները՝ կլիմայի փոփոխության նկատմամբ գյուղատնտեսության ոլորտի դիմակայությունը, ինչպես նաև արդյունավետությունն ու մրցունակությունը բարձրացնելու նպատակով։
«Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է ոչ միայն գյուղատնտեսության, այլ նաև տնտեսության մի շարք այլ ճյուղերում. էկոհամակարգերի և կենսաբազմազանության, ջրային ռեսուրսների օգտագործման ոլորտներում, ուստի չափազանց կարևոր է ցուցաբերել միասնական մոտեցում քաղաքականության մշակման և առկա մարտահրավերներին դիմակայելու հարցում լուծումների առաջարկման տեսնակյունից», - նշել է Արման Խոջոյանը։
Նախարարի տեղակալը միաժամանակ ընդգծել է, որ խնդիրների հնարավոր լուծումները համատեղ ուսումնասիրելիս հարկավոր է նկատի ունենալ նաև դրանց ազդեցությունը տնտեսության միկրո- և մակրոմիջավայրի վրա։
Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են կլիմայի փոփոխության սպառնալիքներին և մրցունակությանը, ՀՀ կառավարության կլիմայական պլանավորմանը և ծրագրերին, կլիմայի առումով «խելացի» պլանավորման տեխնիկական և ռազմավարական տարրերին վերաբերող մի շարք հարցեր։