Արամ Ղազարյանը Վահագնի և Ազնվաձոր բնակավայրերում ծանոթացել է «Աստղիկ» բարեգործական հինադրամի նախաձեռնությամբ իրականացվող ծրագրերին

Արամ Ղազարյանը Վահագնի և Ազնվաձոր բնակավայրերում ծանոթացել է «Աստղիկ» բարեգործական հինադրամի նախաձեռնությամբ իրականացվող ծրագրերին
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանի, մարզպետարանի պատասխանատու այլ պաշտոնյաների ուղեկցությամբ մարտի 27-ին այցելել է Վահագնի և Ազնվաձոր բնակավայրեր՝ ծանոթանալու «Աստղիկ» բարեգործական հինադրամի նախաձեռնությամբ իրականացվող ծրագրերին:
Վահագնի բնակավայրում հիմնադրամի տնօրեն Մարիամ Անտոնյանի և Փամբակ խոշորացված համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանի հետ մարզի ղեկավարը եղել է հոլանդական «Մենսենքինդերեն» և «Ջուլիէնջել» հիմնադրամների աջակցությամբ՝ սահմանափակ կարողություններով երեխաների համար կառուցվող, վերականգնողական և կրթական կենտրոնի շինհրապարակում, զրուցել հոլանդացի գործընկերների հետ, հետևել շինաշխատանքների ընթացքին:
Մարիամ Անտոնյանի ներկայացմամբ՝ կենտրոնի կառուցման նախաձեռնության համար հիմք է ծառայել այն հանգամանքը, որ հատկապես գյուղական համայնքներում բնակվող հաշմանդամություն ունեցող երեխաները, պատանիներն ու երիտասարդները մեկուսացած են հասարակությունից և կարիք ունեն տարրական հմտություններ ձեռքբերելու, դառնալու հասարակության լիարժեք անդամներ:
Կենտրոնի շինաշխատանքներում առաջիկայում կներգրավվեն նաև հոլանդացի մի խումբ կամավորներ: Ինչպես նշված հիմնադրամներն, այնպես էլ՝ կամավորները, «Աստղիկ» հիմնադրամի հետ համագործակցում են արդեն տևական ժամանակ՝ այլ բարեգործական նախաձեռնությունների շրջանակներում ևս:
Կենտրոնի շինարարությունն սկսվել է 2023 թվականին, նախատեսվում է ավարտել 2024 թվականի վերջին: Այն ծառայելու է ամբողջ մարզի երեխաների համար:
Մարզպետ Արամ Ղազարյանը հիմնադրամների ներկայացուցիչների հետ զրույցում նշել է, որ ՀՀ կառավարությունը և Լոռու մարզպետի աշխատակազմը կաջակցեն վերականգնողական և կրթական կենտրոնի հետագա գործունեության կազմակերպման հարցում:
Մարզի ղեկավարն այցելել է նաև Վահագնիում «Աստղիկ» բարեգործական հիմնադրամի ջանքերով հիմնադրված կարի արտադրամաս՝ «Մեյդ ին Վահագնի» անվանումով, որտեղ այս պահին աշխատում են 6 կանայք: Արտադրամասի հիմնումը նպատակ է ունեցել փոքր համայնքում ստեղծել աշխատատեղեր և սեփական աշխատանքով կյանքի բարեկեցիկ պայմանների հնարավորություն ընձեռել տեղի ընտանիքներին: Արտադրամասում, ըստ պատվերների, կարում են անկողնային պարագաներ և արտահագուստ՝ նախատեսված բուժանձնակազմի և սպասարկման տարբեր ոլորտներում աշխատողների համար:
Արամ Ղազարյանն առաջարկել է բուժանձնակազմի համար նախատեսված արտահագուստի նմուշը տրամադրել մարզի առողջապահական հիմնարկներին՝ ցանկության դեպքում պատվերներ ներկայացնելու նպատակով:
«Աստղիկ» հիմնադրամը հոլանդացի գործընկերների հետ համագործակցությամբ ծրագրեր է իրականացնում նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքներին օգնելու նպատակով. Ասրյանների բազմանդամ ընտանիքի համար «Մենսենքինդերեն» հիմնադրամի աջակցությամբ առանձնատուն է գնվել Ազնվաձոր համայնքում: Առաջիկայում նրանց համար փոքրիկ ջերմոց և հացաբուլկեղենի թխման արտադրամաս կկառուցվի: Ինչպես այս, այնպես էլ՝ համայնքում բնակվող Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքներին տրամադրվել է նաև բիովառելիք։
Մարզի ղեկավարը ծանոթացել է ընտանիքի կեցության պայմաններին:
Արամ Ղազարյանն իր երախտագիտությունն է հայտնել բարեկամ երկրի ներկայացուցիչներին, Մարիամ Անտոնյանին՝ մարզում նման մեծածավալ ծրագրերի իրականացման համար և իր հերթին խոստացել աջակցել ընտանիքին՝ բնակության առավել բարեկեցիկ պայմաններ ապահովելու հարցում:
Քննարկվել են մարզի այլ տարածաշրջաններում նմանատիպ աջակցության ծրագրեր իրականացնելու հնարավորություններ ևս: