Կարճաժամկետ գործոնով պայմանավորված՝ 2024թ. փետրվարի տնտեսական ակտիվության աճը կտրուկ արագացել է. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

Կարճաժամկետ գործոնով պայմանավորված՝ 2024թ. փետրվարի տնտեսական ակտիվության աճը կտրուկ արագացել է. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը, ելնելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալներից, վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2024թ. հունվար-փետրվար ամսիներին։

Այսպես՝

  • 2024թ. փետրվարի տնտեսական ակտիվության աճը կտրուկ արագացել է, սակայն այն պայմանավորված է կարճաժամկետ գործոնով: Տնտեսական ակտիվության ցուցանիշը փետրվարին կազմել է 16.3%, որը, սակայն, առավելապես պայմանավորված է ոսկերչական գործունեության կտրուկ աճով: Սա վտանգավոր է, քանի որ այն ամբողջությամբ հիմնված է արտաքին գործոնների վրա, որոնք անկանխատեսելի են, միջավայրի հանկարծակի փոփոխությամբ պայմանավորված` հնարավոր է գործունեության ամբողջությամբ դադարեցում:

  • Արդյունաբերության բարձր աճին զուգահեռ, մշակող արդյունաբերության որոշ` ՀՀ տնտեսության համար էական ենթաճյուղեր շարունակում են անկում ապրել: Մասնավորապես, սննդամթերքի, ծխախոտի, հագուստի, քիմիական նյութերի և քիմիական արտադրության ենթաոլորտներում 2024թ. հունվարին անկում է գրանցվել: Ստացվում է, որ մշակող արդյունաբերության համեմատաբար կայուն և երկարաժամկետ գործունեության տեսակները նվազում են, իսկ կարճաժամկետ գործունեությունն էական աճ է գրանցում՝ վատթարացնելով արդյունաբերության կառուցվածքը:

  • Արտահանման ծավալները ավելի քան կրկնապատկվել են՝ պայմանավորված ոսկերչական գործունեության աճով: Իհարկե, արտահանման ծավալի աճն առնվազն դրական է այն առումով, որ դեպի ներքին տնտեսություն արտարժույթի ներհոսք է տեղի ունենում, սակայն հաշվի առնելով, որ այս դեպքում գործ ունենք միաժամանակ գրեթե նույն չափով ներմուծման հետ, ապա այդ դրական էֆեկտը զգալիորեն չեզոքանում է: Առավել խնդրահարույց է այն, որ բարձր աճերի ֆոնին ստվերվում է արտահանման գծով առկա խնդիրները, մասնավորապես` մի շարք ապրանքատեսակների արտահանման ծավալների անկումները: Հունվարին էականորեն նվազել են, մասնավորապես, «պատրաստի սննդի արտադրանք» և «կենդանի կենդանիներ և կենդանական ծագման արտադրանք» ապրանքախմբերի արտահանման ծավալները, խնդրահարույց է նաև հանքահումքային ապրանքների արտահանման էական անկումը:

  • Տնտեսական աճի արագացման պայմաններում հարկային եկամուտներն աճում են բավական դանդաղ տեմպով: 2024թ. հունվար-փետրվարին հարկային եկամուտների աճը կազմել է 7.9%, իսկ համադրելիության բերելու (եկամտային հարկի վերադարձի ցուցանիշը՝ 2023թ. ցուցանիշներում ներառելու) դեպքում աճը կազմում է 3.7%: Բնականաբար սա մտահոգիչ է՝ հաշվի առնելով ծախսերի ավելի քան 30% աճը, ինչպես նաև կառավարության քաղաքականության թիրախները հարկեր/ՀՆԱ հարաբերակցության բարձրացման ուղղությամբ: Այս առումով, կառավարությունը պետք է ակտիվ ջանքեր ձեռնարկի վերը նկարագրված ոսկերչական գործունեությունը հարկելու համար, ինչը մի կողմից կկարգավորի գործունեության այդ տեսակի աճի տեմպը, մյուս կողմից կնպաստի հարկային եկամուտների ավելացմանը:

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով՝  https://shorturl.at/qyzT2 :