Այգեձոր բնակավայրում վերջին տարիների ընթացքում մի շարք մեծածավալ աշխատանքներ են իրականացվել

Այգեձոր բնակավայրում  վերջին տարիների ընթացքում մի շարք մեծածավալ աշխատանքներ են իրականացվել
Ռուսաստանաբնակ այգեձորցիների ներդրումներով, ինչպես նաև տարբեր համագործակցությունների(Կառավարություն, Բերդի համայնքապետարան) շրջանակում Այգեձոր բնակավայրում վերջին տարիների ընթացքում մի շարք մեծածավալ աշխատանքներ են իրականացվել:
Այս պահին ընթացքի մեջ են հացատան շինարարական աշխատանքները:
«Գյուղի գերեզմանատանը կից, համայնքային սեփականություն հանդիսացող հացատունը գտնվում էր վատթար վիճակում, և այն հիմնանորոգելու խիստ անհրաժեշտություն էր առաջացել: Ռուսաստանաբնակ այգեձորցիների՝ ավելի քան 16 մլն. ՀՀ դրամի սահմաններում կատարած ներդրումների շնորհիվ այժմ կառուցվում է միանգամայն նոր՝ 250 հոգու համար նախատեսված հացատուն՝ իր օժանդակ կառույցներով: Հիմնանորոգվել է նաև «Գոմեր» թաղամասում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հացատունը: Աշխատանքներն իրականացվել են թաղամասի ռուսաստանաբնակ մեր հայրենակիցների ներդրումների շնորհիվ: Այն կազմում է 3 մլն ՀՀ դրամ: Իմ երախտագիտությունն եմ հայտնում բոլորին՝ կարևոր ներդրումների, Արման Ապրեսյանին և Սամվել Մակինյանին՝ նաև կազմակերպչական աշխատանքները պատշաճ իրականացնելու համար»,-տեղեկացրել է Այգեձոր գյուղի վարչական ղեկավար Լորիս Միրզոյանը:
Վարչական ղեկավարը ներկայացրել է նաև 2023թ.-ի ընթացքում ներդրումների շնորհիվ իրականացված աշխատանքները. «Սամվել Ղարախանյանի բարերարությամբ կառուցվել է գյուղի Սբ. Հովհաննես Եկեղեցին, Գերասիմ Միրզոյանի միջոցներով 2023 թ.-ին հյուրատուն և գազալցման կետ է կառուցվել, Արման Ապրեսյանի միջոցներով՝ առևտրի սրահ, կից դեղատուն և ռեստորան»:
Ռուսաստանաբնակ այգեձորցիների և Բերդի համայնքապետարանի համագործակցությամբ առաջիկայում նախատեսվում է իրականացնել ճանապարհաշինական աշխատանքներ:
Լորիս Միրզոյանի խոսքով՝ «Հիմնանորոգվելու են «Ղամանց ձոր», «Միջին թաղ», «Մրմնջանի թաղ» թաղամասերի ճանապարհները և 10-րդ փողոցի մի հատվածը, որը տանում է դեպի գյուղի հանգստի գոտիներ: Այգեձորի 11 փողոցներից 8-ը ասֆալտապատվել և սալիկապատվել է, և նշված թաղամասերի ճանապարհները վերանորոգելուց հետո գյուղի բոլոր թաղամասերը բարեկարգ կլինեն»:
Վերջին տարիներին գյուղում մեծածավալ ճանապարհաշինական աշխատանքներ են իրականացվել պետություն-համայնք-ռուսաստանաբնակ այգեձորցիներ արդյունավետ և հաջողված համագործակցության արդյունքում:
Մասնավորապես՝ սուբվենցիոն ծրագրերի շրջանակում՝ Կառավարության, Բերդի համայնքապետարանի և ռուսաստանաբնակ այգեձորցիների համաֆինանսավորմամբ՝ 2022 և 2023 թթ.-ին Այգեձորում հիմանորոգվել(ասֆալտապատում) և վերանորոգվել(սալիկապատում) են ընդհանուր 5 կմ երկարությամբ ներբնակավայրային ճանապարհներ:
Չափազանց կարևորում և բարձր ենք գնահատում համագործակցությունը, ինչի արդյունքում էլ ավելի արդյունավետորեն են լուծվում բնակավայրի կենսական խնդիրները:
Մեր երախտագիտությունն ենք հայտնում ռուսաստանաբնակ այգեձորցիներին՝ արդյունավետ համագործակցության և նշանակալի ներդրումների համար:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ մեր առաջիկա հրապարակումներում կներկայացնենք ներդրումների շնորհիվ նաև այլ բնակավայրերում իրականացվող աշխատանքները: