Երևանի 2023 թ. բյուջեի ծախսերի վերլուծություն. մի շարք առաջնահերթ ծրագրերի գծով լուրջ թերակատարումներ. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը ներկայացնում է Երևան քաղաքի 2023թ. բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվության հիմնական դրույթները և հաշվետվության վերաբերյալ արված առավել էական եզրահանգումները.
Այսպես՝
- Երևան քաղաքի 2023թ. բյուջեի փաստացի եկամուտները՝ 114.8 մլրդ դրամ, նախորդ տարվա համեմատ աճել են 33.2%-ով: Նշված աճին ամենամեծ նպաստումն ունեցել են «Այլ եկամուտներ» դասում ընդգրկված «Պետության կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի ֆինանսավորման համար պետական բյուջեից ստացվող միջոցներ» հոդվածով ստացված եկամուտները:
- Անշարժ գույքից գանձվող գույքային հարկերը 2023թ. տարեկան ճշտված պլանի նկատմամբ թերակատարվել են 15.6%-ով կամ 1.8 մլրդ դրամով։ Քանի որ տարվա ընթացքում գույքահարկի բազան բյուջեի հաստատման պահի համեմատ չի նվազել (անշարժ գույքից գանձվող գույքային հարկերի՝ հաստատված պլանով նախատեսված մեծությունը տարեկան ճշտված պլանում մնացել է անփոփոխ), անշարժ գույքի հարկի՝ պլանավորվածից պակաս հավաքագրումը ենթադրաբար բացատրվում է վարչարարության անարդյունավետությամբ: Ուստի, քաղաքային իշխանություններին անհրաժեշտ է կոնկրետ քայլեր ձեռնարկել վարչարարության բարելավումն ապահովելու ուղղությամբ:
- 2023թ. բյուջեի ծախսերը՝ 111.2 մլրդ դրամ, թեև 17.3%-ով գերազանցում են նախորդ տարվա նույն ցուցանիշին, այնուամենայնիվ ճշտված պլանի նկատմամբ թերակատարվել են 10.4%-ով: Ընդհանուր ծախսերի աճը հիմնականում պայմանավորված է ընթացիկ ծախսերի աճով։ Հատկանշական է, որ ընդհանուր ծախսերի թերակատարումը վերաբերում է և՛ վարչական, և՛ ֆոնդային բյուջեներին։ Ի դեպ, ճշտված պլանի նկատմամբ բյուջեի ծախսերի թերակատարում է արձանագրվել թե՛ ըստ գործառնական և թե՛ ըստ տնտեսագիտական դասակարգման բոլոր բաժինների գծով, ինչը հիմնականում պայմանավորված է գնումների գործընթացի հետ կապված խնդիրներով, կնքված պայմանագրերի կատարողականով և պատվիրակված լիազորությունների մասամբ չիրականացմամբ:
- Պարգևատրումների, դրամական խրախուսումների և հատուկ վճարների նպատակով կատարված ծախսերը 2022-ի համեմատ եռապատկվել են։
- Ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը (կապիտալ ծախսերը) շարունակել են թերակատարվել. ճշտված պլանի նկատմամբ թերակատարումը 2023թ. կազմել է 21.2%։ Սա ևս մեկ ապացույց է, որ կապիտալ ծախսերի իրականացման կարողությունների հետ կապված համապետական մակարդակում շարունակաբար արձանագրվող լուրջ խնդիրներն առկա են նաև համայնքային մակարդակում:
- Երևան քաղաքի 2023թ. բյուջեի ծախսերի՝ ըստ իրականացված ծրագրերի վերլուծությունը փաստում է, որ մի շարք առաջնահերթ ծրագրերի գծով (ինչպիսիք են ոռոգման ցանցի կառուցումը և վերանորոգումը, հետիոտնային անցումների կառուցումն ու վերանորոգումը, կամրջային կառուցվածքների վերականգնումն ու պահպանումը, մայրուղիների և փողոցների վերակառուցումն ու հիմնանորոգումը, փողոցների, հրապարակների և այգիների կահավորումը և այլն) առկա են լուրջ թերակատարումներ: Ստացվում է, որ մի կողմից՝ քաղաքային իշխանությունների թերի աշխատանքի պատճառով քաղաքացու համար կենսական կարևորություն ունեցող ծրագրերով ծախսերը թերակատարվում են, մյուս կողմից՝ առանց քաղաքացու համար պատշաճ ծառայություններ ապահովելու` կտրուկ բարձրացվում են հարկերն ու տեղական վճարները։
- Բյուջեն ունեցել է 3.7 մլրդ դրամի հավելուրդ՝ ճշտված պլանով նախատեսված 11.2 մլրդ դրամ պակասուրդի դիմաց։ Ուշագրավ է, որ տարվա ընթացքում ճշտված պլանով ծրագրվող պակասուրդը հաստատված բյուջեի ցուցանիշի համեմատ էապես բարձրացվել է՝ շուրջ 26 անգամ, սակայն արդյունքում փաստացի ձևավորվել է հավելուրդ։ Այս հանգամանքը թերևս վկայում է այն մասին, որ համապետական մակարդակում ցուցանիշների պլանավորման քրոնիկ դարձած խնդիրները համայնքային մակարդակում նույնպես առկա են, ավելին՝ առավել խոր են դրսևորվում։
Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով՝ https://shorturl.at/hoqFX: