Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին

Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին

Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին և փոխդեսպան, զարգացման համագործակցության ղեկավար Կլաս Վալդենստրյոմին։

Հանդիպմանը մասնակցել են նաև Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Սևակ Խլղաթյանը և առողջապահության և սոցիալական հարցերի վարչության պետ Լուսինե Վարդանյանը։

Վահան Զարոյանը շնորհակալություն է հայտնել Շվեդիայի կառավարությանը՝ Գեղարքունիքի մարզում համագործակցային ծրագրերի և դիտորդական առաքելության իրականացման համար։

Պատրիկ Սվենսոնը հետաքրքրվել է մարզում իրականացվող զարգացման ծրագրերով, տնտեսական ձեռքբերումներով, հեռանկարային ու առաջնահերթ նշանակություն ունեցող ոլորտներով, բնակչության զբաղվածությամբ և այլ հարցերով։

Գեղարքունիքի մարզպետի տեղակալը, պատասխանելով դեսպանին հետաքրքրող հարցերին, միաժամանակ ներկայացրել է մարզի տնտեսական, զբոսաշրջային  գրավչությունները և այն ոլորտները, որոնց ուղղությամբ Գեղարքունիքի մարզը  կարող է համագործակցություն ծավալել Շվեդիայի կառավարության հետ։

Փոխդեսպան Կլաս Վալդենստրյոմն իր հերթին հավաստել է, որ վերջին տարիներին իրենք Հայաստանի հետ համագործակցության աճ են արձանագրում ինչպես տնտեսական զարգացման, այնպես էլ հումանիտար աջակցության ոլորտներում։ Նա միաժամանակ հույս է հայտնել, որ առաջիկայում այդ ծրագրերի շրջանակը կընդլայնվի կողմերի փոխըմբռնման ու համագործակցության խորացման պայմաններում։

Հանդիպման ավարտին մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը, դեսպանին փոխանցելով Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի ողջույնը, նշել է, որ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմը պատրաստ է Հայաստանում Շվեդիայի դեսպանատան հետ համագործակցության հետագա զարգացմանն ու խորացմանը, նոր նախաձեռնությունների, ծրագրերի կազմմանն ու իրականացմանը։