Կարմիրգյուղում սուբվենցիոն 3 ծրագիր է իրականացվել

Կարմիրգյուղում սուբվենցիոն 3 ծրագիր է իրականացվել

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Կարմիրգյուղ գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 2023 թվականին կառուցվել է արտաքին լուսավորության ցանց, մանկական խաղահրապարակ և տրանսպորտային սպասարկման կանգառ։

Սուբվենցիոն 3 ծրագրի իրականացման համար ներդրվել է 37 մլն 900 հազար 628 դրամ, որից 20 մլն 477 հազար 832 դրամը ՀՀ կառավարության, 17 մլն 422 հազար 796 դրամը Գավառի համայնքապետարանի մասնաբաժինն է։

Կարմիրգյուղի արտաքին լուսավորության ցանցի կառուցման պայմանագրային արժեքը կազմում  է 20 մլն 837 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի ապրիլից և ավարտվել հուլիսին։ Ծրագրի իրականացման արդյունքում արտաքին լուսավորության ցանց է կառուցվել Կարմիրգյուղի Զոհրաբ Շհոյան, Ազատության փողոցներում, Մամիկոնյան թաղամասում՝ շուրջ  4500 մետր երկարությամբ։ Տեղադրվել է ԼԵԴ համակարգով աշխատող 131 լուսատու։ Այս փողոցների բնակիչները արտաքին լուսավորության ցանցից օգտվում են առաջին անգամ։

Կարմիրգյուղի մանկական խաղահրապարակի և պուրակի  կառուցման պայմանագրային արժեքը կազմում է 11 մլն 123 հազար 628 դրամ, որի 45 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի օգոստոսից և ավարտվել դեկտեմբերին։ Խաղահրապարակը և պուրակը կառուցվել են Կարմիրգյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցի տարածքում։ Ծրագրի իրականացման արդյունքում խաղահրապարակ-պուրակը կահավորվել է մանկական խաղարաններով, զրուցարան-տաղավարներով, կառուցվել է լուսավորության ցանց, ցայտաղբյուր։ 

Կարմիրգյուղի ավտոտրանսպորտային սպասարկման կանգառի կառուցման պայմանագրային արժեքը կազմում է 5 մլն 940 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։ 2023 թվականի հուլիսին սկսված շինարարական աշխատանքներն ավարտվել են օգոստոսին։ Ծրագրի իրականացման արդյունքում Գավառի պատմամշակութային հուշարձանների պատկերով ու նկարագրով արտացոլված կանգառ է կառուցվել Կարմիրգյուղի Սրբ Աստվածածին եկեղեցու և արվեստի դպրոցի հարևանությամբ։

Աղբյուրը՝      armenpress.am