Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը շարունակել է աշխատանքը Մեղրիում

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը  շարունակել է աշխատանքը Մեղրիում
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը մարտի 21-ին շարունակել է աշխատանքը Մեղրիում ու ավարտել բոլոր գյուղական բնակավայրեր այցերը, սակայն այստեղ նրա շրջայցը համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանի ու մարզպետի աշխատակազմի պաշտոնյաների հետ շարունակվում է։
Երեկ առավոտյան մարզպետն այցելել է Շվանիձոր։ Առաջին կանգառը գյուղի դպրոցն էր, որում շրջելուց, մանկավարժների ու աշակերտների հետ զրուցելուց հետո Ռ․Ղուկասյանը գոհունակություն հայտնեց կրթօջախում ուսումնական գործընթացի կազմակերպման ու դպրոցի արդյունավետ կառավարման առնչությամբ։
Բնակիչների հետ հանդիպման ընթացքում վերջիններս մարզպետին ներկայացրեցին իրենց հուզող խնդիրները, որոնք վերաբերում էին մասնավորապես ոռոգման ու խմելու ջրամատակարարմանը, կոյուղու բացակայությանը, դաշտամիջյան ճանապարհներին և այլն։ Գյուղացիները տեղեկացան, որ այս տարի միջազգային ներդրումներով ոռոգման ու խմելու ջրի համակարգի կառուցման ծրագիր է մեկնարկում։
Մարզի ղեկավարը եղավ նաև գյուղի եկեղեցում, բացառիկ մշակույթի տանը, որի վերանորոգման հարցը օրակարգում է և տեղի պատմության ու մշակույթի հուշարձաններից՝ 17-րդ դարի հայտնի ջրանցույցում, իսկ արաքսամերձ տարածքում ՋՕԸ-ի պաշտոնյաների հետ քննարկեց սկսվող ոռոգման սեզոնում անխափան ջրամատակարարում ապահովելու տարբերակները։
Շվանիձորում սուբվենցիոն ծրագրով վերանորոգվել է մանկապարտեզը, որը շուտով կբացի դռները։