Տասից վեցը անբավարար. մարզեր` սոցիալ-տնտեսական թույլ պոտենցիալով

Տասից վեցը անբավարար. մարզեր` սոցիալ-տնտեսական թույլ պոտենցիալով
Գեղարքունիք, Վայոց Ձոր, Շիրակ, Լոռի, Տավուշ, Արագածոտն․ ըստ գործատուների հանրապետական միության  անցկացրած հետազոտության՝ ցածր զարգացման պոտենցիալ ունեցող մարզեր են։ Այստեղ բնակիչներն իրենց շուրջ կատարվող փոփոխությունները չեն նկատում, այդ թվում` տնտեսական աճը։ Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը ejc.am–ի թղթակցի հետ զրույցում ընդգծում է՝  ՀՀ վեց մարզ իր վրա չի զգում ՀՆԱ–ի ազդեցությունը։ Գագիկ Մակարյանի տեղեկացմամբ, հետազոտությունը 2023թ․–ին են արել, տևել է մոտ 4–5 ամիս։ Երկու խնդիր են ուսումնասիրել՝ ինչպե՞ս է կայուն զբաղվածությունը ազդում կայուն ձեռնարկատիրության համատեքստում, և ինչպիսի՞ն է մարզերի սոցիալ–տնտեսական զարգացման պոտենցիալը։ Երեք հինական հարց է անհանգստացնում ՝ դեմոգրաֆիական խնդիրներ, զբաղվածություն և մարզերի պոտենցիալի բարձրացում։   Մակարյանի խոսքով` ՀՆԱ–ի 50 տոկոսը բաժին է ընկնում Երևանին, մնացածը 50 տոկոսը բաշխված է 10 մարզերում։ Եթե Երևանում 1 ԱՄՆ դոլարով աշխատավարձի բարձրացումը 15 մլն դոլարով ավելացնում է ՀՆԱ–ն, ապա 4 մարզի հաշվարկով` Կոտայք, Արմավիր, Սյունիք, Արարատ, ՀՆԱ–ն ավելանում է 1–2 մլն դոլարով, իսկ մնացած 6 մարզում` ընդամենը 300–500 հազար դոլարով։
«ՀՀ 10 մարզից 6-ի զգայունությունը ՀՆԱ-ի հանդեպ կազմում է 0,15–0,2 տոկոս։ Ահա թե ինչու մարդիկ չեն նկատում տնտեսական աճը, քանի որ ՀՀ բնակչության մոտ 35 տոկոսը, որոնք այդ 6 մարզում են ապրում, ո՛չ աղքատության, ո՛չ զբաղվածության, ո՛չ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ–ի տեսանկյունից էական փոփոխություն չի կրում, մնում է  նույն աղքատ ու ծանր վիճակում»,– ընդգծում է  Մակարյանը։
Նրա դիտարկմամբ, այդ մարզերում և ՀՆԱ–ի աճը չի առաջացնում կյանքի որակի լավացում, և ընտանիքների 50 տոկոսը չի աշխատում, լավագույն դեպքում ընտանիքում մեկ հոգի կարող է  աշխատել կամ չաշխատել։ Հատկապես Գեղարքունիքում շատ են անջրդի հողերը,  գյուղացիները բնության հույսին են՝ հացահատիկ կամ կարտոֆիլի աճեցնելիս։ Նրանց մի մասն էլ  անասնապահությամբ է զբաղվում։
Խնդիրների լուծման համար փաթեթային մոտեցում է  անհրաժեշտ
ՀԳՄ նախագահը  կարծում է, որ խնդիրների լուծման համար պետք է 5 ուղղությամբ աշխատել՝ կրթության հասանելիություն (բնակավայրում   մանկապարտեզի,  դպրոցի, բուհի առկայություն։ Այստեղ պետք է հաշվի առնել նաև հեռավորությունը, նաև այն, թե ի՞նչ մասնագիտություններ են ուսուցանվում։  Գուցե կոնկրետ մարզի պետք է կոնկրետ մասնագիտությունների զարգացում՝ կախված տնտեսական զարգացումից), առողջապահական հաստատությունների հասանելիություն, ենթակառուցվածքներ,որոնք պետք է սպասարկեն արդյունաբերության զարգացմանը, չորրորդը՝ արտադրական ձեռնարկությունների կամ ծառայությունների հիմնումն է (պետությունը պետք է աջակցի, որ մասնավոր սեկտորը մոտիվացված լինի կամ ինքը համայնքային նշանակության նմանատիպ կենտրոններ ստեղծի), հինգերորդ՝ մշակույթի հասանելիություն։
«Այս հինգ ուղղությունները մենք փաթեթային լուծում ենք կոչում։ Պետությունն ինչ-որ ծրագրեր սուբսիդավորելիս առաջարկում ենք,  ուշադրություն դարձնի նաև մեր նշած ուղղություններին նույնպես»,– ընդգծում է Գագիկ Մակարյանը։