Կա միանգամից մի քանի բնակարանային ապահովման ու պայմանների բարելավման ծրագրերից օգտվելու հնարավորություն

Կա միանգամից մի քանի բնակարանային ապահովման ու պայմանների բարելավման ծրագրերից օգտվելու հնարավորություն

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերն աննախադեպ արդյունք են գրանցել։  Ծրագրերի շրջանակում գրանցվել է 9464 շահառու, վճարվել է շուրջ 6 մլրդ 668 մլն դրամ։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը նշեց, որ ծրագրի պահանջարկը նկատելի ավելանում է։ Յուրաքանչյուր եռամսյակը մեկ աճը տեսանելի է։ Ահա այդ պահանջարկով պայմանավորված էլ կառավարությունն ընդունել է նոր փաթեթ՝ հիմքում դնելով նախորդը։

Միանվագ դրամական աջակցության ծրագիրը անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին հնարավորություն է տալիս կառուցել բնակելի տուն կամ գնել բնակարան:

«Միանվագ դրամական աջակցության ծրագիրը հնարավորություն է տալիս առնվազն երկու անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին Հայաստանի մարզային բնակավայրում ձեռք բերել անշարժ գույք կամ կառուցել անհատական բնակելի տուն։ Տան արժեքը չպետք է գերազանցի 35 մլն դրամը։ Շահառուն իր կողմից պետք է կատարի առնվազն 10 տոկոս կանխավճար։ Այս պայմանների դեպքում ընտանիքը 2 երեխայի դեպքում ստանում է մինչև 1 մլն դրամ, 3 երեխայի դեպքում մինչև 1,5 մլն դրամ, 4 և ավելի երեխայի դեպքում մինչև 2 մլն դրամ աջակցություն»,-ասաց Գայանե Ղարագյոզյանը։ Եթե գույքը ձեռք է բերվում սահմանամերձ բնակավայրերում կամ այն 48 գյուղերից մեկում, որտեղ կառուցվում են դպրոցներ, մանկապարտեզներ, ապա այդ դեպքում նշված աջակցության չափն ավելանում է 50 տոկոսով։

Հաջորդ ծրագիրը, որը պայմանավորված  է երեխայի ծննդով, ևս ուղղված է բնակարանային պայմանների բարելավմանը։ Ընտանիքը պետք է ունենա գործող հիփոթեքային վարկ, տան արժեքը չպետք է գերազանցի 35 մլն դրամը։ Երեխայի ծնվելուց հետո, մեկ տարվա ընթացքում ընտանիքը պետք է դիմի ծրագրից օգտվելու համար։ Աջակցությունը առաջին և երկրորդ երեխայի դեպքում կազմում է մինչև 500 հազար դրամ, 3-րդ և հաջորդ երեխաների դեպքում մինչև 2 մլն դրամ։ Այստեղ ևս եթե սահմանամերձ գյուղական բնակավայրերում է տունը ձեռք բերվում, ապա աջակցությունն ավելանում է 50 տոկոսով։

«Այստեղ ուզում եմ ընդգծել մի հանգամանք, որ շահառուն հենց ինքը վարկառուն պետք է լինի։ Այսինքն՝ համավարկառուին չենք կարող դիտարկել։ Դրանից բացի, շահառուն սեփականության իրավունքով այլ գույք չպետք է ունենա»,-ասաց Գայանե Ղարագյոզյանը։

Մեկ այլ ծրագրով կառավարությունը տրամադրում է 16 մլն դրամ սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար։

Ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է բավարարել երկու պայմանի՝ ունենալ գրանցված ամուսնություն, և ամուսիններից առնվազն մեկն ունենա ՀՀ քաղաքացիություն։ Վերջիններս կարող են ծրագրից օգտվել, եթե ունեն սեփականության իրավունքով իրենց պատկանող հող կամ կիսակառույց շինություն՝ սահմանամերձ գյուղական բնակավայրում, շինարարական աշխատանքներ իրականացնելու թույլտվություն, նախագիծ/նախահաշիվ։ Ի դեպ, Քաղաքաշինության կոմիտեի կայքում կան նախատիպային նախագծեր և քաղաքացիները կարող են օգտվել նաև այդ տարբերակից։

Պետական աջակցությամբ քաղաքացիները հնարավորություն ունեն նաև վերանորոգել իրենց տները, պարտադիր պայման է աշխատանքներում էներգախնայողության բաղադրիչ ապահովելը։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության էներգետիկ տարածաշրջանային շուկաների բաժնի պետ Հովհաննես Աբրահամյանը նշեց, որ ծրագրի շրջանակում շահառուների աննախադեպ աճ է գրանցվել։ Ընդհանուր առմամբ գրանցված է 9 հազար շահառու, որից միայն 7 հազար 600-ը եղել է 2023 թվականին։  Հովհաննես Աբրահամյանը տեղեկացրեց, որ ծրագրի շահառուները հիմնականում մարզերից են։

«Ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է, որ շահառուն ունենա սեփական գույք, որի վերանորոգման համար դիմում է ու վարկավորվում է, իսկ պետությունը սուբսիդավորում է տոկոսադրույքները։ Սահմանամերձ և բարձր լեռնային շրջանների բնակավայրում պետությունը սուբսիդավորում է 14 տոկոս, դրանից դուրս գտնվող գյուղերում՝ 12 տոկոս, այլ քաղաքներում՝ 11 տոկոս, Երևանում՝ 9 տոկոս»,-ասաց Հովհաննես Աբրահամյանը։ Ծրագրից օգտվողների ճնշող մեծամասնությունը գյուղերի բնակիչներն են։ Հիմնականում փոխվում են դռները, պատուհանները։ Տանիքների վերանորոգման բաղադրիչ կա, բայց գերակշիռ մասը արևային կայանների տեղադրումն է։

Նախարարությունների ներկայացուցիչներն ընդգծեցին, որ եթե ծրագրերի պայմաններին բավարարում են, ապա քաղաքացիները կարող են միաժամանակ մի քանի ծրագրից օգտվել։

Օրինակ՝ ընտանիքը մարզում ցանկանում է գույք ձեռք բերել, կարող է օգտվել մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին ծրագրից, երբ սուբսիդավորվում է տոկոսագումարը, դրանից բացի կարող է օգտվել եկամտահարկի ետ վերադարձի ծրագրից։ Այնուհետև կարող է օգտվել երեխա ունեցող ընտանիքների բնակապահովման ծրագրից, որի ընթացքում պետությունը մասնակցում է կանխավճարի ֆինանսավորմանը։ Եվ եթե, օրինակ, տունը կառուցվում է սահմանամերձ գյուղական բնակավայրերում, ապա ամբողջ ֆինանսական բեռը 16 մլն դրամի մասով պետությունը վերցնում է իր վրա։ Ամեն դեպքում, եթե անհրաժեշտություն կա 16 մլն-ից ավելի գումարի, ապա ընտանիքը դա կարող է լրացնել երեխա ունեցող ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում։

Տան սեփականության վկայականն էլ ունենալու պարագայում քաղաքացին կարող է օգտվել վերանորոգման համար պետության կողմից ցուցաբերվող աջակցությունից։ Այստեղ որևէ սահմանափակում չկա, պարզապես պետք է վերանորոգման աշխատանքներում անպայման լինի էներգախնայողության բաղադրիչ։