Երկկողմ հանդիպումներ ՀՀ և ԱՄՆ-ի միջև TIFA նիստի շրջանակում

Երկկողմ հանդիպումներ ՀՀ և ԱՄՆ-ի միջև TIFA նիստի շրջանակում

Վաշինգտոնում տեղի ունեցած Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Առևտրի և ներդրումների հարցերով աշխատանքային խմբի (TIFA) հերթական նիստի անցկացման նպատակով ՀՀ պատվիրակության Վաշինգտոն այցի (մարտի 7-8) շրջանակներում տեղի են ունեցել երկկողմ հանդիպումներ ԱՄՆ պետական տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչների հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության լրատվության վարչությունից։

Պատվիրակությունը գլխավորել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պարտականությունները կատարող Ռաֆայել Գևորգյանը։

Ըստ էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության, կայացել են հանդիպումներ ԱՄՆ պետական դեպարտամենտի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, ԱՄՆ գյուղատնտեսական, ֆինանսների և առևտրի դեպարտամենտների, վերջինիս կազմում գործող Առևտրային իրավունքի զարգացման ծրագրի, ինչպես նաև՝ Ամերիկյան երկրների կազմակերպության, ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի ներկայացուցիչների հետ։

Հանդիպումների ընթացքում մանրամասն քննարկվել են ինչպես Առևտրի և ներդրումների հարցերով աշխատանքային խմբի նիստի օրակարգում ներառված հարցերը, այնպես էլ ՀՀ և ԱՄՆ միջև տնտեսական համագործակցության խորացման ուղղությամբ անհրաժեշտ քայլերը։

Յուրաքանչյուր հանդիպման արդյունքում ձևավորվել է հստակ գործողությունների ծրագիր, որը նպաստելու է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև գործընկերային հարաբերությունների խորացմանը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող՝ տնտեսության տարբեր ոլորտներում։

Կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքները նախանշված բոլոր ուղղություններով։