Մեկնարկել է հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման նոր ծրագրից օգտվել ցանկացողների գրանցումը
Հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման հերթական ծրագրից օգտվել ցանկացողների դիմումների հավաքագրումն արդեն մեկնարկել է: Դիմում-հայտի ձևը, տեղեկանքների ձևերն ու վերջնաժամկետները սահմանող Քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանը, ինչպես նաև պայմանները նկարագրող ՀՀ կառավարության որոշումը տեղադրված են կոմիտեի պաշտոնական կայքի «Ծրագրեր» բաժնում (https://www.minurban.am/hy/hanrayinbn): Մեկնարկած գործընթացի վերաբերյալ տեղեկատվությունն ուղարկվել է նաև բոլոր գերատեսչություններին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քաղաքաշինության կոմիտեից։
Այսպիսով՝ Երևանի Առնո Բաբաջանյան փողոցի 42/5 հասցեում (Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան) կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարան և ավտոկայանատեղի գնելու ցանկություն ունեցող հանրային ծառայողները պետք է մինչև 2024թ․ մարտի 22-ը դիմում-հայտ ներկայացնեն իրենց գերատեսչության աշխատակազմ, իսկ մինչև մարտի 25-ը՝ կատարեն ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված վճարումը։
Դիմումատուների տվյալները յուրաքանչյուր գերատեսչություն պետք է լրացնի ծրագրի կայքէջում։ Այնուհետև ինքնաշխատ եղանակով ձևավորված գերատեսչական տեղեկանքը և դիմում-հայտերը գերատեսչությունները պետք է ներկայացնեն Քաղաքաշինության կոմիտե մինչև ապրիլի 3-ը։
«Նոր Երևան» թաղամասում հանրային ծառայողներին մեկ միասնական փուլով նախատեսված է բաշխել 996 բնակարան և 700 ավտոկայանատեղի։
Բնակարաններին կարող եք ծանոթանալ ծրագրի կայքէջում` https://charagayt.am/?app=AppProject&page=district&project_id=6&apartment_sale_category_id=2։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Քաղաքաշինության կոմիտեի բնակարանային ծրագրերի բաժին՝ 011 621 776 և 011 621 714 հեռախոսահամարներով: