Կառավարությունը հաստատեց բուսաբուծության աջակցության ծրագիրը

Կառավարությունը հաստատեց բուսաբուծության աջակցության ծրագիրը

Կառավարությունը հաստատեց  բուսաբուծության աջակցության ծրագիրը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, կառավարության նիստին նախագիծը ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Համաձայն ՀՀ Վիճակագրական կոմիտեի հրապարակումների՝ վերջին տարիներին հանրապետությունում գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն ցանքատարածությունների նվազում է արձանագրվում, որը, կարծում ենք, հիմնականում պայմանավորված է մշակության ցածր արտադրողականությամբ, արտադրանքի բարձր ինքնարժեքով, ցածր եկամտաբերությամբ և տնտեսական անարդյունավետությամբ։

Հաշվի առնելով ներկայացվածը՝ հանրապետությունում պարենային անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով ներկայացվում է բուսաբուծության աջակցության ծրագիրը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որի նպատակն է պետական աջակցության միջոցով խթանել ցանքատարածությունների ավելացումը, արտադրողականության բարձրացումը և հողօգտագործողների եկամուտների ավելացումը»,-ասաց Պապոյանը։

Էկոնոմիկայի նախարարի խոսքով՝ ծրագրի իրականացման նպատակն է նաև ՀՀ-ում խթանել հավաստագրված սերմերի իրականացումը։

«Բուսաբուծության աջակցության ծրագրով նախատեսվում է 2024 թվականին փոխհատուցել մինչև 100 հա մակերեսով հացահատիկային, մասնավորապես՝ գարնանացան ցորեն, գարնանացան գարի, եգիպտացորեն, վարսակ, հաճար, հատիկաընդեղային (ոլոռ, լոբի, ոսպ, սիսեռ), մշակաբույսերի և բազմամյա խոտաբույսերի (առվույտ, կորնգան) մշակության 1 հա հաշվով կատարվող հիմնական աշխատանքների (վար, ցանք, բերքահավաք) և սերմի արժեքի համար նախատեսված արժեքի 50 տոկոսը։

Փոխհատուցումը կտրամադրվի հետևյալ սահմանաչափերով. հացահատիկային մշակաբույսերի մշակության յուրաքանչյուր 1 հա մակերեսի հաշվով 70 հազար դրամ, իսկ եգիպտացորենի մշակության յուրաքանչյուր 1 հա մակերեսի հաշվով՝ 85 հազար դրամ, հատիկաընդեղեն մշակաբույսերի մշակության յուրաքանչյուր 1 հա մակերեսի հաշվով՝ 100 հազար դրամ, բազմամյա խոտաբույսերի մշակաբույսերի մշակության համար յուրաքանչյուր 1 հա՝ 110 հազար դրամ», - եզրափակեց Պապոյանը։