Մուշեղ Մուրադյանն ու Դավիթ Գրիգորյանը հետևել են Շիրակի մարզում ընթացող շինաշխատանքներին

Մուշեղ Մուրադյանն ու Դավիթ Գրիգորյանը հետևել են Շիրակի մարզում ընթացող շինաշխատանքներին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն ընդունել է աշխատանքային այցով Շիրակի մարզում գտնվող ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանին և կոմիտեի պատասխանատուներին։
 
Ըստ Շիրակի մարզպետի աշխատակազմի հաղորդագրության` հանդիպման ժամանակ քննարկվել են Շիրակի մարզում քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ իրականացվող շինարարական ծրագրերին առնչվող հարցեր, որից հետո պատասխանատուները շրջել են մի շարք շինօբյեկտներում։
«Փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցում» ծրագրի շրջանակներում Շիրակի մարզի 3 բնակավայրերում՝ Բերդաշենում, Արեգնադեմում և Կապսում կառուցվում են դպրոցների մոդուլային շենքեր։
Մուշեղ Մուրադյանն ու Դավիթ Գրիգորյանն աշխատակազմերի պատասխանատուների հետ սկզբում հետևել են Բերդաշենի դպրոցի շինաշխատանքներին։ Ծրագրի ընդհանուր արժեքը 723 մլն 213 հազար դրամ է, 2024-ի համար նախատեսվել է 276 մլն 712 հազար դրամ։
Շիրակի մարզպետն ու քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալը շրջայցի ընթացքում կարևորել են ժամկետների մեջ տեղավորվելն ու որակով շինաշխատանքների իրականացումը՝ դիտարկելով թերացումներն ու խախտումները։
Հաջորդ կանգառը Արեգնադեմ բնակավայրում է եղել, որտեղ ընթացքի մեջ են դպրոցի մոդուլային շենքի կառուցման աշխատանքները։ Դպրոցի կառուցման արժեքը 747 մլն 566 հազար դրամ է, 2024 թվականի համար հատկացվելու է 390 մլն 485 հազար դրամ։ Պատասխանատուները շրջել են շենքում, զրուցել շինարարի հետ, քննարկել խնդիրներն ու ընդգծել, որ սեղմ ժամկետներում բոլոր թերությունները պետք է վերացվեն։
Դիտարկվել են նաև Կապսի դպրոցի շինաշխատանքները, որոնք գտնվում են ավարտական փուլում, սակայն նախանշվել են թերություններ ու բացթողումներ։ Դպրոցի շինաշխատանքների որակից Շիրակի մարզպետը դժգոհություն հայտնել էր նաև ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
 
Պատասխանատուները կառույցում շրջայցի ընթացքում առանձին-առանձին նշել են խնդիրները, շինարարության ընթացքում թույլ տված սխալները՝ հանձնարարելով շինարարին ողջամիտ ժամկետներում ուղղել դրանք և անել հնարավորը ժամկետների մեջ տեղավորվելու համար։
 
Նշենք, որ մոդուլային ուսումնական հաստատությունն ունենալու է բոլոր հարմարությունները՝ փակ մարզադահլիճ, ֆուտբոլային խաղադաշտ, արևային ֆոտովոլտային կայան, ապահովված է լինելու ապաստարանով:
 
Շիրակի մարզ աշխատանքային այցի շրջանակներում, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանը Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հետ հետևել է «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոց» նոր սպորտային համալիրի շինաշխատանքների ընթացքին։
 
6 մլրդ 796 մլն դրամ ընդհանուր արժողությամբ համալիրի կառուցման համար 2024 թվականին նախատեսվել է 1 մլրդ 534 մլն դրամ։
 
Սպորտային համալիրն ունենալու է մանկապատանեկան սպորտի զարգացման բոլոր պայմանները` մրցումների և մարզումների մեծ դահլիճներ՝ նախատեսված ըմբշամարտի, ծանրամարտի և մարմնամարզության պարապմունքների համար, մարզադաշտեր, այդ թվում՝ ֆուտբոլի դաշտ, վազքուղի, լողավազան, հյուրանոցային հատված, որտեղ կտեղավորվեն հյուրընկալվող մարզիկները, ժամանցի սրահ և այլ անհրաժեշտ ենթակառուցվածքներ:
 
Այնուհետև Շիրակի մարզպետն ու քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալն Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի և աշխատակազմերի պատասխանատուների հետ շրջել են Արթիկի «Մոդուլային» տիպի, 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի շինաշխատանքների ընթացքին, որի ընդհանուր արժեքը 793 մլն 883 հազար դրամ է, 2024-ին նախատեսվել է 296 մլն 605 հազար դրամ։
 
Պատասխանատուները բոլոր շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել են աշխատանքների ընթացքը և ընդգծել առանց թերացումների և ժամկետներում դրանք ավարտելու կարևորությունը։