Հայկ Մարությանը ներկայացրեց տրանսպորտի ուղեվարձի վերաբերյալ իրենց առաջարկը

Հայկ Մարությանը ներկայացրեց տրանսպորտի ուղեվարձի վերաբերյալ իրենց առաջարկը
Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության նախկին անդամ, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը Երևանի քաղաքապետարանում անցկացվող ավագանու նիստին զուգահեռ տեղի ունեցող ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ներկայացրեց հանրային տրանսպորտի ուղեվարձի վերաբերյալ իրենց առաջարկը։
Նշենք, որ ակցիան անցկացվում է ընդդեմ հանրային տրանսպորտի ուղեվարձի թանկացման։ Երևանի ավագանին այսօր քննարկում է և վերջնական պետք է հաստատի տրանսպորտի ուղեվարձի թանկացման աղմկահարույց նախագիծը։
 
«Մեր առաջարկը հետևյալն է` մարդիկ ունենում են միասնական քարտ, լիցքավորում են այնքան, որքան ցանկանում են ու ամեն անգամ ավտոբուս, տրոլեյբուս կամ մետրո մտնելիս հպում են սարքին ու հաշվից 100 դրամ տանում է։ Սա միակ գործող տարբերակն է: Եթե իրենք ասում են, որ տարեկան, ամսական փաթեթներ են առաջարկում, թող մնան դրանք էլ, բայց մարդը թող ընտրության հնարավորություն ունենա` 2–րդ, 3–րդ, 4–րդ, 5–րդ տարբերակ», – նշեց Մարությանը։
 
Նա ընդգծեց` երևանցիները եթե կցանկանան, կարող են ձեռք բերել ամսական կամ տարեկան փաթեթները, բայց վստահ է` բնակչության մեծամասնությունը չի կարողանալու տարվա սկզբին 350 000 դրամ վճարել 4– հոգանոց ընտանիքի համար։
 
Անդրադառնալով լուծումներին` Մարությանը շեշտեց` եթե սեպտեմբերի 1-ից թանկացումներն ուժի մեջ մտնեն, ապա օգոստոսի վերջին իրենք կհայտարարեն իրենց անելիքների մասին։ Նա հույս հայտնեց, որ իրենց կազմակերպած պայքարին կմիանան նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
 
«Տարիներ առաջ նրանք էլ էին պայքարում թանկացման դեմ, խոսքն այն մասին էր, որ մարդիկ գումար չունեն։ Այո՛, պահանջ կար նաև, որ տրանսպորտը փոխեն։ Այս մարդիկ որևէ հաշվարկ, կանխատեսում չեն կարողանում անել, դրա վառ ապացույցն էր կարմիր գծերի թանկացումը։ Նրանք թանկացրին, որ մեքենաների հոսքը քչացնեն, բայց ես ամեն օր ու մի քանի անգամ Ավանից իջնում եմ Կենտրոն ու բարձրանում եմ, հոսքի հետ բացարձակ ոչինչ չի կատարվել, ամեն ինչ նույնն է։ Իրենք պատրեկացնում էին, որ կարմիր գծերը թանկացնեն ու մարդկանց տանեն դեպի տրանսպորտ, հիմա դա էլ են թանկացնում։ Այս գործընթացներն իրար հետ չեն համապատասխանում։ Չկա որևէ մեկը, որը մեքենայով երթևեկում էր, հիմա տրանսպորտով տեղաշարժվի»,– ասաց Մարությանը։
 
Նշենք, որ նախագծով առաջարկվում է տարեկան կտրվածքով երթևեկության համար տրանսպորտի ուղեվարձը դարձնել փաթեթային համակարգով 90.000 դրամ՝ քարտային տարբերակով, իսկ եթե ձեռք եք բերում էլեկտրոնային կրիչ, ապա՝ 88.000 դրամ: 1 ամսվա համար տրանսպորտի ուղեվարձի փաթեթը կդառնա 9000 դրամ, 1 օրվա համար 8 անգամ երթևեկելը կարժենա 900 դրամ, իսկ 7 օրվա համար առավելագույնը 30 անգամ տրանսպորտով երթևեկելը՝ 5000 դրամ, 90 րոպե երթևեկելը կարժենա 300 դրամ: 30 օրում 10 ուղևորության համար քաղաքացիները կվճարեն 2200 դրամ:
 
Աղբյուրը`  armeniasputnik.am