Պաշտոնյա-ձեռնարկատեր հանդիպում՝ ՓՄՁ ասոցիացիայի 10-ամյակին. տարբեր մոտեցումներ սպասվող փոփոխություններին

Պաշտոնյա-ձեռնարկատեր հանդիպում՝ ՓՄՁ ասոցիացիայի 10-ամյակին.  տարբեր մոտեցումներ սպասվող փոփոխություններին
Հայաստանի  տնտեսության նախորդ տարվա աճը բոլորին է ապշեցրել, այդ թվում արտաքին դիտորդներին, բայց, մեր տնտեսագետներն էլ են փաստում՝ աճի զգալի մասը ՌԴ վերաարտահանման և այնտեղից եկվորների հաշվին է: Եթե աճից «դրսի ազդեցությունը» հանենք, կտեսնենք, թե ինչ կշիռ ունեն մեր փոքր ու միջին ձեռնարկությունները: 
Տնտեսական լրագրողների ակումբին ՓՄՁ կշիռն այլաբանորեն ներկայացնում է «Փոքր ու միջին ձեռնարկությունների ասոցիացիայի» նախագահ Հակոբ Ավագյանը: 
Օրերս ասոցիացիայի 10-ամյակին՝  տարբեր համայնքների ոչ խոշոր ձեռնարկատերերը հանդիպեցին օրենսդիր և գործադիր իշխանության ներկայացուցիչներին: Պաշտոնյաներին ներկայացվող խնդիրները տարբեր էին՝ լեռնային հատվածի հյուրատանը ջրի և հոսանքի անլուծելի հարցերը լուծելուց հետո հարկային «ոչ սթափ» վերաբերմունքի նկատմամբ դժգոհությունից մինչև կաթնամթերքի արտադրությանը վարչարարության պատճառով բնականի փոխարեն կաթի փոշու օգտագործման դրդելու մեղադրանք:
20240303_134132.jpg (251 KB)
«Իրականում շատ են խնդիրները, բաժանել էինք 2 մեծ խմբի: Առաջինը՝ նախորդ 1 տարում ՓՄՁ-ների և գերփոքրերի համար փոփոխություններ են եղել ու հիմնականում վատթարացնող: Երկրորդը կապված է ՓՄՁ նոր ռազմավարության հետ՝ գործող ռազմավարության հետ մենք խնդիրներ ունենք»,-պատմում է ասոցիացիայի նախագահը: Ըստ նրա, կառավարությունը մշակում է նոր փաստաթուղթ, որը հնարավոր է ունենա նոր անուն՝ «Ձեռներեցության ռազմավարություն»: Գործողը 2020-2024թթ.-ի համար է:
«Ներգրավված փորձագետներին էլ ենք հրավիրել, որ հաջորդը լինի ներառական: Մենք խոստումներ կորզեցինք, որ նախ կվերականգնեն Ազգային ժողովի մեր ՓՄՁ խորհուրդը: Դրա միջոցով գործադիրի հետ երկխոսության չկայացման պարագայում, գոնե օրենք ընդունողները համակարգված այլ կարծիք կլսեն, նոր հետո կգնան կողմ կամ դեմ քվեարկման»,-մանրամասնում է Հակոբ Ավագյանը:
Հրավիրյալ փորձագետներն ասում են՝ կա մոտ 101 հազար փոքր ու միջին ձեռնարկություն, որոնց հարկային հարցերը երբեմն բխում են բիզնեսի կառուցվածքից, ունակություններից և թե ո՞ր ոլորտին է այն պատկանում: ՓՄՁ-ներին աջակցելու համար պետք է հասկանալ ճիշտ պատկերը ՝ ովքե՞ր են տնտեսվարողները: Օրինակ, մի մասը եղունգների հարդարման կամ համանման ոչ մուլտիպլիկատիվ էֆեկտով ծառայություններ մատուցողներ են և երբ միկրոձեռնարկատիրության համակարգ ներդրվեց, դրանք «անգամներով» ավելացրեցին ընդհանուրի քանակը:
20240303_134015 (1).jpg (214 KB)
ՓՄՁ ոլորտի զարգացման 2020-2024թթ.-ի ռազմավարության և դրա տարեկան գործողությունների ծրագրերը համակարգելու գործառույթը Էկոնոմիկայի նախարարությանն է: Փոքր ու միջին բիզնեսի տրամադրությունների փոփոխություն գերատեսչությունում նկատո՞ւմ են՝ հարցնում եմ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանին:
«Դժգոհ են, թե գոհ են, դա գնահատման հարց է: Այն դեպքում, երբ գտնում ենք տնտեսական աճին նպաստելու առումով ինչ-որ ռեֆորմ որոշակիորեն սխալներ ունի և ճշգրտելու կարիք կա՝ առաջարկում և ճշգրտում ենք: Երբ գտնում ենք, որ  պետական այլ մարմին պետական շահը պաշտպանելով կարգավորում է բերել, որը ոչ թե վնասելու, այլ նպաստելու է տնտեսական աճին, փորձում  ենք մասնավոր  հատվածի մեր գործընկերներին բացատրել մոտեցումները»:
Էկնոմիկայի նախարարությունը 2021թ.-ին սկսել է իրականացնել տնտեսության արդիականացման միջոցառում, որի շրջանակներում, նախորդ ամսվա տվյալներով մասնավոր հատվածին տրամադրվել է 219 մլրդ դրամի արտոնյալ վարկավորում: Պաշտոնյան մանրամասնում է՝ կնքվել է 3500 վարկային պայմանագրեր, որոնց ավելի քան 50%-ի շահառուները փոքր ու միջին ձեռնարկություններն են: Փոխառու միջոցների կեսից ավելին հասել է մշակող արդյունաբերության ոլորտ, օգտվել են նաև շինարարության, առողջապահության և էներգետիկայի  ոլորտները:
 «Խոսքը սարքավորումների ձեռք բերման համար ընդհուպ մինչև 0%-ով վարկերի տրամադրման մասին է: Էկոնոմիկայի նախարարությունը դրամի դեպքում սուբսիդավորում է 10 տոկոսային կետ, իսկ դոլարի կամ այլ արտարժույթի դեպքում՝ 8 տոկոսային կետ: Այսինքն, օրինակ, եթե տնտեսվարողը գնա բանկ կամ լիզինգային կազմակերպություն և դոլարով վերցնի լիզինգ 8% տոկոսադրույքով, դա ամբողջությամբ կսուբսիդավորվի և արդյունքում կստացվի, որ 3 տարի շարունակ տնտեսվարողը կունենա արտոնյալ վարկավորում 0% տոկոսադրույքով»:
Ռաֆայել Գևորգյանը նշում է՝ պրոցեսի պարզ լինելու արդյունքում նախարարության հետ շփման կարիք չի լինում, տնտեսվարողը գնում է բանկ, լիզինգային կամ վարկային կազմակերպություն, ստանում  համապատասխան պայմաններով սարքավորում ձեռք բերելու առաջարկը, իսկ էկոնոմիկայի նախարարությունն իր հարաբերությունը կարգավորում է ֆինանսական կառույցի հետ:
Էկոնոմիկայի նախարարի տեղակալը հավելում է՝ այս պահին աշխատում են վարկային երաշխավորությունների մեխանիզմի ներդրման ուղղությամբ: Դրանով փոքր, սկսնակ ձեռնարկատերերի համար էականորեն կթեթևանան գրավի հետ կապված պահանջները: Ձեռնարկատերերին հասանելի կդառնան «կարողությունների զարգացման» ծրագրեր, ինչից հետո  բիզնես-պլանի առկայությամբ կկարողանան դիմել արտոնյալ վարկավորման:
«Կարողությունների տիրապետման ուղղությամբ նույնպես աջակցելու ենք՝ տարբեր ինկուբացիոն ծրագրեր հասանելի ենք դարձնելու  ասոցիացիաների, խորհրդատվական կազմակերպությունների միջոցով: Ծրագիրը վերաբերում է բոլոր ոլորտներին, բացառությամբ առևտրին: Առևտրի ոլորտը բացառվել է, որովհետև մենք տնտեսական զարգացման տեսանկյունից կարևորում ենք արդյունաբերության և արտահանելի ոլորտները»:
Հարկային բարեփոխումների արդյունքում տնտեսության «ոչ խոշոր խաղացողների» մոտ տրամադրությունների փոփոխություն նկատո՞ւմ եք՝  հարցնում եմ օրենսդիր մարմնի ներկայացուցչին՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանին:
«Բոլոր փոփոխություններն արվում են բիզնես միջավայրը բարելավելու և  հարկային միջավայրն ավելի արդարացի դարձնելու համար: ՓՄՁ-ին «նեղացնելու» քայլեր չեն արվում, կան 2 օրենսդրական նախաձեռնություններ, որոնք կոնկրետ ՓՄՁ-ի շահերից են բխում և որից խոշոր բիզնեսը բավականին «նեղվել» է, որովհետև այդ հարաբերություններում մենք խոշոր բիզնեսի շահերին ի հակադրություն ՓՄՁ-ի շահերը խիստ պաշտպանում ենք»:
Հարցին՝ ՓՄՁ-ների թիվը բարեփոխումների արդյունքում ի՞նչ փոփոխության կենթարկվի՝ տնտեսական հանձնաժողովի նախագահի տեղակալը նշում է.
«Նախ պետք է իմանալ Հայաստանում քանի՞սն են իրականում ՓՄՁ, քանի՞ տոկասն է տնտեսության մեջ, որովհետև մեզ մոտ ՓՄՁ հասկացությունը խիստ լղոզված է և տարբեր չափանիշներ կան այն մասով, թե ո՞րն է ՓՄՁ և որը՝ ոչ»: