Արդեն 40 հազար էլեկտրոնային դեղատոմս է դուրս գրվել, համակարգը նորմալ աշխատում է. Անահիտ Ավանեսյան

Արդեն 40 հազար էլեկտրոնային դեղատոմս է դուրս գրվել, համակարգը նորմալ աշխատում է. Անահիտ Ավանեսյան

Էլեկտրոնային դեղատոմսերի համակարգը նորմալ աշխատում է, բայց ցանկացած նոր ինստիտուտի ներդրման պարագայում շահառուների շրջանում լինում է տեղեկատվության պակաս և որոշակի բարդություններ օգտվելիս, այս մասին ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն՝ արձագանքելով այն դիտարկմանը, թե նոր համակարգի ներդրումը բազմաթիվ բողոքներ է առաջացրել քաղաքացիների ու դեղատների աշխատակիցների շրջանում։

«Էլեկտրոնային դեղատոմսերի համակարգը նորմալ աշխատում է, բայց, իհարկե, հասկանում ենք, որ ցանկացած նոր ինստիտուտի ներդրման պարագայում լինում է տեղեկատվության պակաս և որոշակի բարդություններ օգտվելիս։ Մենք ամենօրյա ռեժիմով հավաքագրում ենք բոլոր խնդիրներն ու բողոքները, եթե խնդիրներ կան, դրանց արագ լուծում են տրվում, ինչպես նաև ամփոփվում են ամենաշատ տրվող հարցերը և օրական ռեժիմով մենք պատասխանում ենք դրանց:

Այս օրերի ընթացքում մոտ 40 հազար դեղատոմս է դուրս գրվել։ Այս թիվը խոսում է այն մասին, որ համակարգը նորմալ աշխատում է: Ես նաև հայցում եմ մեր քաղաքացիների ներողամտությունը՝ հասկանալով, որ ցանկացած էլեկտրոնային և նման մեծ թվով անձանց վերաբերելի բարեփոխումների ընթացքում առաջին օրերին լինում են բարդություններ, բայց հասկանում ենք, որ այս բարեփոխումները նպաստում են հենց առաջին հերթին մեր քաղաքացիների առողջության պահպանմանը և համակարգի թափանցիկությանը»,-ասաց Ավանեսյանը։

Նա վստահեցրեց, որ նշված քայլերն են, որ պիտի նպաստեն հետագայում ավելի հեշտ օգտագործելի էլեկտրոնային հարթակների հասանելիությանը։

Աղբյուրը՝    armenpress.am