ՊԵԿ-ի նախաձեռնությունը հարվածի տակ է դնում Հայաստանի ներդրումային գրավչությունը. փորձագետ

ՊԵԿ-ի նախաձեռնությունը հարվածի տակ է դնում Հայաստանի ներդրումային գրավչությունը. փորձագետ

ՀՀ պետեկամուտների կոմիտեի առաջարկած օրենսդրական փոփոխությունները, որոնք հարկային մարմնին թույլ են տալիս հարկատուից բանկային գործառնությունների վերաբերյալ քաղվածք պահանջել՝ առանց դատարանի որոշման առկայության, չափազանց խոցելի են դարձնում բանկային գաղտնիքի ինստիտուտը և դրան հաղորդում են զուտ ձևական բնույթ: Նման կարծիք է հայտնել փաստաբան Արսեն Սարդարյանը՝ մարտի 1-ին "Ինչի համար է ՊԵԿ-ին անհրաժեշտ բանկային գաղտնիքի հասանելիությունը" թեմայով քննարկման ժամանակ։

Փաստաբանի խոսքով՝ դեռևս գործող օրենսդրությունը բավական բարձր նշաձող է սահմանել բանկային գաղտնիքի պաշտպանության առումով։ Մասնավորապես, քրեական արդարադատության ոլորտում այդ հասանելիությունը տրամադրվում է միայն դատարանի որոշմամբ և գործի հասարակական էական նշանակության առկայության դեպքում, և, որ ամենակարևորն է, բավարար ապացույցների առկայության դեպքում, որոնք հիմք են տալիս անձին հանցագործության կատարման մեջ մեղադրելու համար: "Այն դեպքում, երբ նոր օրինագծի ընդունումից հետո, առանց բացառության, բոլոր սուբյեկտների բանկային տվյալները հասանելի կդառնան պետությանը՝ ի դեմս հարկային մարմնի, ընդամենը վերջինիս հարցման հիման վրա", - ասել է նա:

Փաստաբանի կարծիքով՝ այդ նախաձեռնությամբ ՊԵԿ-ը նախատեսում է համատարած վերահսկողության տակ առնել բոլոր քաղաքացիների դրամական միջոցների շարժը: <Սա, իհարկե, կկրճատի իրավախախտումների թիվը, բայց միշտ պետք է հիշել Հյուսիսային Կորեայի օրինակը. Արդյո՞ք այդ երկրում համատարած վերահսկողությունը հանգեցրել է տնտեսական աճի> , - հարցնում է Սարդարյանը։

Փորձագետը ռիսկեր է տեսնում նաև տվյալների արտահոսքի առումով։ Չէ որ՝ ոչ ոք չի կարող երաշխավորել, որ հարկային տեսուչը դրանից չի օգտվի անձնական կամ այլ ՝ բիզնես նպատակներով, կարծում է նա։

Փաստաբանը խոստովանում է, որ որոշ երկրներում արդեն կիրառվում է այդ մեխանիզմը։ Բայց առաջատար երկրների միայն 30 տոկոսն է համարձակվել գնալ այդ ճանապարհով, այն էլ՝ ավելի մեղմ պայմաններով։ Իսկ Հայաստանը, Սարդարյանի ասելով, "եզակի է" նաեւ պատասխանատվության միջոցների սահմանման առումով։ Այսպես, սահմանված ժամկետներում քաղվածքը չտրամադրելու կամ սահմանված պահանջներին չհամապատասխանող տեղեկություններ տրամադրելու դեպքում հարկատուից գանձվում է տուգանք ՝ հարկային հսկողության ժամանակահատվածի համար հարկ վճարողի կողմից հարկային մարմին ներկայացված հարկային հաշվարկներում արտացոլված իրացման շրջանառության և/կամ համախառն եկամտի և/կամ եկամտի առավելագույն չափի 5 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան 2 մլն դրամ (յուրաքանչյուր 10 օրը մեկ տուգանքը կրկնապատկվում է):

Ըստ այդմ, իրավագետը կարծում է, որ բոլորին և ամեն ինչ վերահսկելու իրենց ցանկությամբ Հայաստանի իշխանությունները կարող են վնաս հասցնել գործարարությանն ու Հայաստանի ներդրումային գրավչությանը։ Նրա համոզմամբ՝ երկիրը, որը չի երաշխավորում բանկային գաղտնիքի պաշտպանությունը, կարող է վախեցնել ներդրողներին։

Նաիրա Բադալյան

Աղբյուրը`   finport.am