Տնտեսական աճ ապահովող գործընթացները հարկային եկամուտներ նույն տեմպով չեն գեներացնում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

Տնտեսական աճ ապահովող գործընթացները հարկային եկամուտներ նույն տեմպով չեն գեներացնում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը, ելնելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալներից, վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2024թ. հունվարին։

Այսպես՝

  • 2023թ. վերջում թափ առած ոսկերչական գործունեության աճն ապահովել է նաև 2024թ. հունվարի բարձր տնտեսական ակտիվության աճը: Տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվարին կազմել է 10.7%՝ հիմնականում պայմանավորված լինելով արդյունաբերության և առևտրի աճերով: Վերջիններս էլ արտացոլում են ոսկերչական գործունեության կտրուկ աճը, ինչն իրենից ներկայացնում է ոսկու ներմուծման, վերամշակման (որոշակի վերապահումներով) և արտահանման գործընթաց: Բնականաբար, տնտեսական աճի առումով սա դրական երևույթ է ՀՀ տնտեսության համար, սակայն մտահոգիչ է այն, որ տնտեսության մյուս ոլորտներում արձանագրվում է աճի տեմպի դանդաղում կամ անկում (հաշվի առնելով նաև նախորդ տարվա ցուցանիշների վերլուծությունը), ինչը կարող է հանգեցնել մակրոտնտեսական կայունության նվազմանը: 
  • Տնտեսական աճ ապահովող գործընթացները կարծես թե նույն տեմպով հարկային եկամուտներ չեն գեներացնում: 2024թ. հունվարին տնտեսական ակտիվության աճն էական չափով գերազանցում է հարկային եկամուտների աճին (եթե ՏԱՑ-ը ճշգրտենք գնաճով, ապա տարբերությունը փոքր-ինչ կկրճատվի): Իհարկե, հունվարի հարկային եկամուտները որոշ չափով պայմանավորված են նաև նախորդ տարվա դեկտեմբերի զարգացումներով, սակայն պետք է հիշել, որ դեկտեմբերին ոսկերչական գործունեության հետևանքով տնտեսական աճի բարձր տեմպեր ևս առկա էին: Հետևաբար հաջորդ ամիսներին պետք է ուշադրությունը սևեռել հարկային եկամուտների դինամիկային, քանի որ դրանից է կախված պետական բյուջեի կատարման ապահովումը: 
  • 2024թ. սկսվել է գնաճի բացասական տեմպով: Նախորդ տարվա կեսից սկսած՝ գնաճը գտնվում է բավական ցածր մակարդակում՝ տատանվելով 0-ի շուրջ: 2024թ. հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ գնաճը կազմել է -0.9%: Կենտրոնական բանկը դեռևս նախորդ տարվանից, արձագանքելով գնաճային միջավայրի փոփոխություններին, աստիճանաբար նվազեցրել է դրամավարկային քաղաքականության տոկոսադրույքը, ինչը շարունակվել է նաև 2024թ. հունվարին, երբ ԿԲ-ն ևս 0.5 տոկոսային կետով նվազեցրել է տոկոսադրույքը: Սակայն դեռևս գնաճի տեմպերի փոփոխություն չի նկատվում:

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով՝ https://shorturl.at/HRTVY ։