Ի՞նչ դեղեր հնարավոր չի լինի մարտից գնել ՀՀ-ում առանց դեղատոմսի. պարզաբանում է փոխնախարարը

Ի՞նչ դեղեր հնարավոր չի լինի մարտից գնել ՀՀ-ում առանց դեղատոմսի. պարզաբանում է փոխնախարարը
Քաղաքացիները Հայաստանի Հանրապետությունում մարտից մի շարք դեղեր չեն կարողանա գնել առանց էլեկտրոնային դեղատոմսի։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ առողջապահության փոխնախարար Արտակ Ջումայանը։
Նշենք, որ էլեկտրոնային դեղատոմսի համակարգը մեկնարկել է 2022 թվականի հուլիս ամսից, այն փուլային սկզբունքով է ներդրվել։ Սկզբնական փուլում կենտրոնական գնումներով ստացված դեղորայքն է ներդրվել, մեկնարկել է 1 պոլիկլինիկայի բազայի հիման վրա։ Հետագայում հաշվի են առնվել բոլոր տեխնիկական խնդիրները, ու կարգը հերթով տարածվել է հանրապետության բոլոր պոլիկլինիկաներում։
Այս ամենից հետո ներդրվել է անվճար և արտոնյալ պայմաններով դեղորայք ստանալու փուլը։ Շուտով ամբողջությամբ կբացառվի թղթային տարբերակով դեղատոմսի դուրսգրումը։
 
«Մարտ ամսից դեղատոմսով են դառնալու բոլոր հակաբիոտիկային, հակասնկային, հակամիկրոբակտերիային, հակավիրուսային դեղերն ու իմունային շիճուկները, ինչպես նաև իմունոգլոբուլինը, պատվաստանյութերը և միզոպրոստոլ պարունակող դեղերը», – նշեց ԱՆ փոխնախարարը։
 
Փոխնախարարը նաև շեշտեց, որ միայն կենտրոնացված գնումներով ստացած դեղորայքից պիլոտային ծրագրի շրջանակում 1,7 մլն–ից ավելի էլեկտրոնային դեղատոմս է դուրս գրվել, իսկ անվճար և արտոնյալ պայմաններով` մոտ 600 000։ Այսինքն` բոլոր դեղատոմսերը դուրս են գրել առաջնային օղակի բժիշկները և ներգրավված են առաջնային օղակի բոլոր հիմնարկները։
 
Առողջապահության ազգային ինստիտուտի էլեկտրոնային առողջապահության ներդրման բաժնի ղեկավար Ծաղկանուշ Սարգսյանն էլ նշեց, թե ինչ սկզբունքով է աշխատելու համակարգը։ Բժիշկը դուրս է գրելու դեղատոմսն էլեկտրոնային եղանակով, որտեղ նշելու է դեղի ազդող նյութը, քանակը, ժամկետը, թե օրական քանի անգամ և ինչպես պետք է ընդունել այն։ Այս գործընթացից հետո պացիենտը կարող է գնալ դեղատուն, որտեղ աշխատակիցը փնտրում է այդ անձի անունը ու դրանից հետո միայն տրամադրում դեղորայքը։ Դեղատոմսը մարվում է միայն այն դեպքում, երբ պացիենտը ստանում է բոլոր դեղերը, այսինքն` անձը պարտավոր չէ միանվագ վերցնել իր դեղերը, դա կարող է անել նաև մաս–մաս։
 
Սարգսյանի խոսքով` բուժառուն պարտադիր պետք է դեղատուն մոտենա անձը հաստատող փաստաթղթով, այլապես այնտեղի աշխատակիցը չի կարողանա հասանելիություն ունենալ նրա դեղատոմսին։ Բուժառուի փոխարեն կարող է կոնտակտային անձը մոտենալ, բայց նա նույնպես պետք է անձը հաստատող փաստաթղթով մոտենա։
 
Աղբյուրը`   armeniasputnik.am