Գնել Սանոսյան. Հայկական ճյուղային ընկերությունների և մասնագետների ներուժն աճում է
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության բյուջեն տարեցտարի աճում է, իսկ միջոցների առյուծի բաժինն ուղղվում է կապիտալ ծախսերի իրականացմանը։ Այդ մասին հարցազրույցում հայտարարել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Մասնավորապես, նա հաղորդել է, որ 2021 թվականին գերատեսչության կապիտալ ծախսերի ծավալը կազմել է 77 մլրդ դրամ, 2022 թվականին՝ 95 մլրդ դրամ, իսկ 2023 թվականին՝ 141 մլրդ դրամ։ Խոսելով 2024 թվականի մասին՝ նախարարը հաղորդել է, որ խոշոր ծրագրեր են նախատեսված, իսկ ընթացիկ տարվա բյուջեն կազմել է 307 մլրդ դրամ: Այդ գումարից 150 մլրդ դրամը կուղղվի կապիտալ ծախսերին։ Ընդ որում, նա նշել է, որ ծրագրերի մեծ ծավալի առնչությամբ բարդանում է նաև նախարարության, տեսչական մարմինների, մարզպետարանների աշխատանքը: Հաշվի առնելով դա՝ քննարկվում են վերահսկողական լրացուցիչ գործառույթների ներդրման, վերահսկողության իրականացման համատեքստում այլ գերատեսչությունների ներգրավման հնարավորությունները։
"Հաճախ մենք ստանձնում ենք կատարվող աշխատանքների տեխնիկական հսկողության պարտավորություններ, թեև դրա համար կան մրցութային գործընթացների արդյունքում հաղթող ճանաչված ընկերություններ: Լինում են դեպքեր, երբ մասնագետներն անբարեխիղճ են կատարում են աշխատանքը", - ասել է նա։ Ընկերությունների ընդհանուր թվի 10-20 տոկոսը, ըստ Սանոսյանի, անբարեխիղճ են լինում, ինչը լրացուցիչ դժվարություններ է ստեղծում։
Նախարարը գոհունակություն է հայտնել այն առնչությամբ, որ տարեցտարի աճում է հայկական ճյուղային ընկերությունների և մասնագետների ներուժը, որոնք ներգրավված են գերատեսչության կապիտալ ծրագրերում: <Դա չի կարող չուրախացնել: Տարիներ առաջ մենք չգիտեինք, որ նման հնարավորություններ ունենք", - ընդգծել է Սանոսյանը։ Մասնավորապես, նա նշել է, որ այսօր տեղական ընկերությունները որպես ենթակապալառուներ ներգրավված են Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի կառուցման ծրագրում։
Նշենք, որ կառավարությունը նախատեսում է մինչև 2026 թվականը կապիտալ շինարարության բյուջեի մասնաբաժինը հասցնել ՀՆԱ կառուցվածքի 6,6 տոկոսի։
Ալինա Հովհաննիսյան
Աղբյուրը` finport.am