Հայփոստը պիլոտային նոր ծրագիր է սկսում Ռուսաստանի փոստի հետ
Մոսկվայում փետրվարի 5-7-ը կայացել են հանդիպումներ ՀայՓոստի և Ռուսաստանի փոստի ղեկավար կազմերի միջև: Հանդիպումների ընթացքում քննարկվել են էլեկտրոնային առևտրի զարգացման, նոր ծառայությունների ներդրման, ինչպես նաև փոստափոխանակման կազմակերպման վերաբերյալ հարցեր:
Հանդիպումների արդյունքում կողմերը ստորագրել են կարևոր պայմանագիր, որի համաձայն ռուսաստանյան առցանց առևտրով զբաղվող խոշոր հարթակներից մեկի համար ներդրվելու է պիլոտային ծրագիր, ըստ որի՝ մեծածավալ բեռները փոստային ուղիներով փոխադրվելու են ՌԴ-ից ՀՀ և հակառակ ուղղությամբ: Այս ծրագրի շրջանակում տեղի է ունենալու տերմինալից տերմինալ փոստային փոխադրում, ինչը թույլ կտա զգալիորեն կրճատել առաքման գներն ու ժամկետները, ինչպես նաև էապես բարձրացնել փոստափոխանակման ծավալները:
Պայմանագիրը ստորագրել են ՀայՓոստի գլխավոր տնօրենի տեղակալ Արտակ Ղուլյանը և Ռուսաստանի փոստի գլխավոր տնօրենի տեղակալ Անտոն Կոլուդարովը:
Հայփոստի գլխավոր տնօրենի տեղակալ Արտակ Ղուլյանը նշում է.
«Այս պայմանագիրը կնպաստի փոստային նոր ծառայության ներդրմանը, որը թույլ կտա երկու երկրների փոստային օպերատորներին փոստային մեծածավալ բեռներ փոխադրել: Տվյալ ծառայության ներդրումը հաջողելուց հետո պետք է ձեռնամուխ լինենք աշխարհագրության ընդլայնմանը: Պետք է հասնենք մի կետի, երբ փոստային ուղով բեռի տեղափոխումը լինի ավելի մատչելի, արագ և ապահով: Իմ ռուսաստանյան գործընկեր Անտոն Կոլուդարովի հետ միասին լիահույս ենք, որ մոտակա մեկ ամսվա ընթացքում արդեն կտեսնենք նոր ծառայության պտուղները և տվյալ ծառայությունը կառաջարկենք այլ ընկերությունների»:
Հանդիպումների ընթացքում Հայփոստի ներկայացուցիչներն այցելել են Մոսկվայում գտնվող կենտրոնական փոխանակման և սորտավորման ավտամատացված կենտրոն, ծանոթացել են նորագույն տեխնոլոգիաների կիրառմանը և գործընթացների կազմակերպմանը: