Առաջարկվում է «Արտակարգ իրավիճակների օդանավակայան» ՓԲԸ-ն հանել մասնավորեցման ցանկից

Առաջարկվում է «Արտակարգ իրավիճակների օդանավակայան» ՓԲԸ-ն հանել մասնավորեցման ցանկից

Գործադիրը, փոփոխություն կատարելով Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրում, առաջարկում է մասնավորեցման ցանկից հանել «Արտակարգ իրավիճակների օդանավակայան» ՓԲԸ-ն: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` հունվարի 31-ի նիստում: Այն վարել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը:

Ըստ ԱԺ տեղեկատվության՝  զեկուցողի տեղեկացմամբ վերոնշյալ կազմակերպությունը տասնյակ տարիներ փաստացի գործունեություն չի իրականացրել: Նշվել է, որ 2013 թվականին այն հանվել է մասնավորեցման ցանկից եւ փոխանցվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը` որոշակի ծրագրեր իրականացնելու նպատակով: Առնակ Ավետիսյանի խոսքով դրանք չեն իրականացվել, եւ կազմակերպությունը նորից ընդգրկվել է մասնավորեցման ծրագրում:

«Մենք այս ընթացքում ինտենսիվ աշխատել ենք կազմակերպության համար ներդրումներ ներգրավվելու ուղղությամբ, սակայն, արդյունքում, որեւէ առաջարկ չենք ստացել»,- ընդգծել է Կառավարության ներկայացուցիչը եւ հավելել` Պաշտպանության նախարարությունը դիմել է Պետական գույքի կառավարման կոմիտե` առաջարկելով զինված ուժերի կարիքների համար օգտագործելու նպատակով իրենց հատկացնել կազմակերպության գույքը:

Զեկուցողը փաստել է, որ Կառավարության որոշումը կայացվել է, գույքը հանվել է կազմակերպության հաշվեկշռից եւ դարձել է պետական սեփականություն:

Ըստ Առնակ Ավետիսյանի` մշակվում է «Պետական գույքի կառավարման մասին» նոր օրենքը, որը թույլ կտա վերացնել իրավական բացերն ու անհամապատասխանությունները. «Փորձում ենք իրականացնել  պետական գույքի կառավարման համակարգը եւ դրա նպատակադրումները փոխելու քաղաքականություն»:

«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծն արժանացել է հանձնաժողովի հավանությանը: