Օտարերկրյա քաղաքացիների կողմից Հայաստանում անշարժ գույքի ձեռքբերման հարցը
Հայաստանում օտարերկրյա քաղաքացիների համար անշարժ գույքի ձեռքբերման հարցում որևէ սահմանափակում չկա՝ բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերին առնչվող գործարքների: Այդ մասին հունվարի 25-ին ճեպազրույցի ժամանակ հաղորդել է Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը՝ պատասխանելով Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիների կողմից Հայաստանում անշարժ գույքի հնարավոր ձեռքբերման մասին հարցին։
Հարցին, թե արդյոք տեղեկություններ կան Ադրբեջանի և Թուրքիայի բնակիչների կողմից Հայաստանում ձեռք բերված անշարժ գույքի քանակի մասին, Թովմասյանը պատասխանել է, որ այժմ ամփոփվում են տարվա արդյունքները, և Կադաստրի կոմիտեն կհրապարակի հաշվետվություն օտարերկրացիների հետ գործարքների մասին: Սակայն, եթե ԶԼՄ-ներին հետաքրքրում են կոնկրետ երկրների քաղաքացիները, ապա, կոմիտեի ղեկավարի հավաստմամբ, վերջիններս կարող են պաշտոնական գրավոր հարցմամբ դիմել գերատեսչություն եւ ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն:
Նշենք, որ կադաստրային տվյալների համաձայն, 2023 թվականին օտարերկրացիները Հայաստանում կատարել են անշարժ գույքի առքուվաճառքի 4 479 գործարք, ինչը 9,3% - ով զիջում է մեկ տարվա վաղեմության ցուցանիշին։ Արդյունքում՝ վերջիններիս կողմից ձեռք է բերվել 1 645 միավոր անշարժ գույք (տարեկան անկումը' 15,6%), և վաճառվել է 2 987 միավոր անշարժ գույք (տարեկան անկումը ' 5,9%):
Առքուվաճառքի գործարքների հիմնական մասնակիցների ցուցակում են ՌԴ (66,6%), ԱՄՆ (9,4%), Իրանի (3,8%) քաղաքացիները, ԵՄ-ի երկրների քաղաքացիներին բաժին է ընկնում 12,1%, ԱՊՀ երկրների քաղաքացիներին (բացառությամբ ՌԴ-ի)՝ 3,3% - ը, մնացած երկրների քաղաքացիներին՝ 4,6%։
Հայաստանում անշարժ գույք առավել ակտիվ վաճառել են ՌԴ քաղաքացիները՝ 74,2%, ԱՄՆ-ի՝ 7,3%, Իրանի՝ 2,4%, Սիրիայի՝ 0,1%, ԵՄ երկրների՝ 7,2% , ԱՊՀ երկրների՝ 5,6%, և այլ երկրների՝ 3,1% քաղաքացիները:
Ալինա Հովհաննիսյան
Աղբյուրը` finport.am