Ի՞նչ անվադողերով են Երևանում երթևեկում տրոլեյբուսները. պարզաբանում է քաղաքապետարանը

Ի՞նչ անվադողերով են Երևանում երթևեկում տրոլեյբուսները. պարզաբանում է քաղաքապետարանը
Երևանի հաշվեկշռում առկա տրոլեյբուսները երթևեկում են ունիվերսալ անվադողերով, որոնք համապատասխանում են տարվա բոլոր եղանակներին։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչության պետ Տարոն Գևորգյանը։
Ավելի վաղ «Ժողովուրդը» տեսանյութ էր հրապարակել, որտեղ նշվում է, որ նոր տրոլեյբուսները ձյան տեղումների ժամանակ երթևեկում են ամառային անվադողերով։
 
«Տրոլեյբուսի վարորդը սխալ տեղեկություն է տարածել։ Իրականում ծանր մեքենաների դեպքում, ինչպիսիք են տրոլեյբուսները, ավտոբուսները, բեռնատարները, չկա «ձմեռային» կամ «ամառային» անվադողեր հասկացություն։ Կան տարվա բոլոր եղանակների համար նախատեսված անվադողեր և հենց դրանցով էլ երթևեկում են մեր տրոլեյբուսներն ու ավտոբուսները»,– նշեց Գևորգյանը։
 
Նա ընդգծեց, որ գոյություն ունի թույլատրելի նորմատիվային վազք հասկացություն, և տրոլեյբուսների դեպքում դա 70 000 կմ է։ Տեսանյութի տրոլեյբուսն այդ անվադողերով շահագործվել է շուրջ 50 000 կմ, բայց մինչև նորմատիվային սահմանը հասնելը` մոտ 60 000 կմ վազքի հասնելու դեպքում անվադողերը կփոխվեն։ Գևորգյանը վստահեցրեց` այս նորմը, իհարկե, վերաբերում է իրենց հաշվեկշռի բոլոր տրոլեյբուսներին։
 
Sputnik Արմենիայի տեղեկություններով` նաև խնդիր էր առաջացել 99 համարի ավտոբուսների հետ, որոնք Ավան վարչական շրջանի Ծարավ Աղբյուր փողոցում կանգնած են եղել ու չեն երթևեկել մոտ 40 րոպե։
 
«Օրվա երկրորդ կեսին որոշակի խնդիրներ են եղել։ Այդ պահի դրությամբ ռիսկային է եղել երթևեկելը, մերկասառույց է եղել։ Հարցն արդեն լուծվել է, բայց մեր տեխնիկայի միջոցով այդ հատվածը լրացուցիչ մշակել են, և 99 համարի ավտոբուսները շարունակում են իրենց բնականոն աշխատանքը»,– ասաց Գևորգյանը։
 
Նրա պնդմամբ` տեխնիկան աշխատում է տեղացող ձյան պայմաններում, որպեսզի երթևեկության համար գոնե նվազագույն պայմաններ ապահովվեն։ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչության պետը վստահեցնում է`այս ամենի հիմքում ոչ թե տրանսպորտի թերի աշխատանքն է, այլ ծանրաբեռնված փողոցները։