Եվրախորհրդարանում ԼՂ-ի մշակութային և կրոնական ժառանգությունը պահպանելու թեմայով համագումար կանցկացվի
Եվրոպական խորհրդարանում կանցկացվի Լեռնային Ղարաբաղի մշակութային և կրոնական ժառանգությունը պահպանելու թեմայով քննարկում։
«Պահպանել Լեռնային Ղարաբաղի մշակութային և կրոնական ժառանգությունը» խորագրով համագումարին ընդառաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Եվրոպական խորհրդարանի սլովակ պատգամավոր Միրիամ Լեքսմանը հայտարարել է, որ բռնի տեղահանված արցախցիները տառապում են մարդկության աչքի առաջ, իսկ հայկական ինքնատիպ մշակութային ու կրոնական ժառանգությունը ոչնչացվում է, իսկ Ադրբեջանի այդ քայլն անպատիժ է մնում։
«Քրիստոնեական և հրեական մշակույթն Արևմտյան քաղաքակրթության հենասյունն են, և մենք պետք է դա պահպանենք ոչ միայն խոսքով, այլ գործով։ Այո, ԵՄ-ն այսօր գազի կարիք ունի, որի համար պայմանագիր է ստորագրել Ադրբեջանի հետ, բայց մենք իրավունք չունենք կասկածի տակ դնել կամ անտեսել ԵՄ-ի արժեհամակարգը», - նշել է Լիքսմանը։
Համագումարի բանախոս, Բելգիայի թագավորությունում Հայաստանի դեսպան և ԵՄ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Տիգրան Բալայանն իր խոսքում հիշեցրել է, որ Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության պարբերական ոչնչացումը սկիզբ է առել դեռևս 2005-ին, երբ Նախիջևանում ոչնչացվեցին հազարավոր հայկական խաչքարեր։ «Մենք հասել ենք այս կետին, քանի որ դա կանխելու համար ոչինչ չի արվում», - ասել է Բալայանը։
Լյուվենի համալսարանի պրոֆեսոր, Միջազգային իրավունքի ինստիտուտի անդամ, Արդարադատության միջազգային դատարանում ԼՂ պատմամշակութային ժառանգության հարցերով ներկայացուցիչ Պիեր Դը Արժանը իր խոսքում ընդգծել է, որ Ադրբեջանը հերքում է հայկական մշակութային ժառանգության գոյությունը և զբաղված է իրականությունը խեղաթյուրելով։ «Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգությունը կենդանի է, ապրող է, և այն կարող է գոյություն ունենալ, եթե արցախահայությունն այն ապրեցնում է»,- նշել է նա։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քարոզչական կենտրոնի տնօրեն և Լեռնային Ղարաբաղի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի վարիչ, Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը, շարունակելով Պիեր Դը Արժանի միտքը, վերահաստատել է, որ մշակութային ժառանգությունը միայն եկեղեցիներն ու հուշակոթողները չեն։ «Մշակույթը կապրի, եթե արցախցիները կարողանան հաճախել իրենց աղոթատեղիներ և պահպանել իրենց կրոնական և ազգային ավանդույթները»,- ասել է նա։
Մշակութային ժառանգության մասնագետ Արմինե Տիգրանյանը նշել է, որ երբ խոսում են մշակութային ժառանգության մասին, պետք է գիտակցել, որ առաջին տեղում մարդիկ են, և այն փաստը, որ այսօր նրանք զրկված են համայնքային կյանքից, ծանր հարված է հասցնում նրանց ինքնության շարունակականությանը։
Համագումարը կկայանա հունվարի 24-ին։
ԼԻԼԻԹ ԳԱՍՊԱՐՅԱՆ
Աղբյուրը՝ armenpress.am