Էկոնոմիկայի նախարար. ԱՄԷ-ն 2023 թվականի արդյունքներով կգլխավորի Հայաստանի ներդրումային գործընկերների ցուցակը
ԱՄԷ-ն 2023 թվականի արդյունքներով կգլխավորի Հայաստանի ներդրումային գործընկերների ցանկը և կդառնա 2-րդը փոխադարձ առևտրի ծավալներով։ Նման գնահատական է հնչեցրել էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակված հարցազրույցում։
Չնշելով ներդրումային համագործակցության որևէ ցուցանիշ՝ նա նշել է, որ Հայաստանի և ԱՄԷ-ի միջև առևտրաշրջանառության ծավալը հասնում է 2.8 մլրդ դոլարի, ինչը Էմիրությունները դարձնում է Հայաստանի երկրորդ խոշորագույն առևտրային գործընկերը: Նման դինամիկան, նախարարի հավաստմամբ, պայմանավորված է երկրի հետ արդյունավետ աշխատանքով, ինչի արդյունքում առաջընթաց է նկատվում ինչպես մարդկային հարաբերությունների համատեքստում, այնպես էլ գործարար կապերի, միջպետական փոխգործակցության և այլնի առումով: Նա այդ համատեքստում հիշեցրել է նաև փետրվարի 1-ից Հայաստանի և ԱՄԷ-ի միջև առանց վիզայի ռեժիմի ներդրման մասին: <Եվ մենք մեծ ախորժակ ենք տեսնում ինչպես ԱՄԷ-ի կողմից Հայաստանում ներդրումներ կատարելու, այնպես էլ՝ հակառակը։ Ընդհանուր առմամբ, բոլոր ուղղություններով մենք սերտ համագործակցություն ունենք։ Մեր բոլոր գործողությունները հանգեցրել են նրան, որ մեր երկրների տնտեսությունները սինխրոնիզացվել են", - ասել է նախարարը։
Խոսելով, ընդհանուր առմամբ, Հայաստանի իրական հատվածում կատարված ներդրումների մասին, նա նշել է, որ ներդրումներն այսօր բավականին դիվերսիֆիկացված են, ներդրողների թվում նա նշել է Ռուսաստանից բացի նաև Հնդկաստանը, Չինաստանը, Ճապոնիան և ԵՄ-ն: <Շատ արագ զարգանում է ներդրումային համագործակցությունը մի շարք երկրների հետ, և մենք վճռականորեն փորձում ենք ընդլայնել այդ հարաբերությունները", - ընդգծել է տնտեսական գերատեսչության ղեկավարը։ Նա հիշեցրել է, որ առաջին կիսամյակի արդյունքներով համախառն ներդրումների 17,5 տոկոս աճ է գրանցվել։ Չհստակեցնելով որևէ ցուցանիշ՝ Քերոբյանը միայն նշել է, որ համախառն ներդրումների մեկ քառորդը բաժին է ընկնում ՕՈՒՆ-ին (օտարերկրյա ուղղակի ներդրումներ)։
Նշենք, որ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Հայաստանի և ԱՄԷ-ի միջև արտաքին առևտրաշրջանառությունը 2023 թվականի 11 ամիսներին հասել է 1.457 մլրդ դոլարի, ինչը 2.7 անգամ գերազանցում է մեկ տարվա վաղեմության ցուցանիշը։ Ընդ որում, արտահանումն աճել է 2.9 անգամ՝ մինչև 1.387 մլրդ դոլար, ներմուծման աճը՝ 27.6%՝ մինչև 69.7 մլն դոլար։
Վիճակագրական տվյալների համաձայն՝ ԱՄԷ-ից Հայաստանի տնտեսության մեջ ներդրումների զուտ ներհոսքը 2023թ. առաջին կիսամյակում հասել է 268 մլն դոլարի, որի 98%-ը բաժին է ընկել ՕՈՒՆ-ին (262 մլն դոլար)։ Երկու ցուցանիշներն էլ տարեկան կտրվածքով տպավորիչ աճել են՝ 52-56 անգամ։ Մասնավորապես, գրեթե բոլոր ներդրումներն ԱՄԷ-ն ուղղել է մետաղական հանքաքարի արդյունահանմանը, իսկ մնացածը՝ ծխախոտի արտադրությանը, ընդ որում, ԱՄԷ-ն երկու հատվածներում էլ նախկինում ներդրումներ չի իրականացվրլ: Դրա հետ մեկտեղ, ակտիվացել են ներդրումները էլեկտրական սարքավորումների արտադրության և մանրածախ առևտրի ոլորտում։ Զուգահեռաբար ԱՄԷ-ն կրճատել է ավիացիայում ներդրումները, իսկ սննդի արտադրության մեջ ներդրումներն ամբողջությամբ զրոյացրել են։
2022 թվականին ԱՄԷ-ից Հայաստանի տնտեսության իրական հատված ընդհանուր օտարերկրյա ներդրումների զուտ հոսքը գերազանցել է 5.4 մլն դոլարը, որից 3.8 մլն դոլարը ստացվել է ՕՈՒՆ-ի տեսքով։ Ընդ որում, տարեկան կտրվածքով եւ ընդհանուր ծավալը, եւ ՕՈՒՆ-ն աճել են մի քանի անգամ։ Մասնավորապես, ամբողջությամբ զրոյացվել են ներդրումները ոչ մետաղական այլ արտադրանքի արտադրության մեջ, ինչպես նաև զգալիորեն կրճատվել են ներդրումները էլեկտրասարքավորումների, սննդի արտադրության, մանրածախ առևտրի ոլորտում։ Բայց, միևնույն ժամանակ, ներդրումների գրեթե ամբողջ ծավալը 2022 թվականին ուղղվել է ավիացիայի ոլորտ, ուր նախկինում ներդրումները չեն ուղղվել։
Ալինա Հովհաննիսյան
Աղբյուրը՝ finport.am