Գնումների ամբողջ գործընթացը պետք է թվայնացվի․ Գրիգոր Մինասյան

Գնումների ամբողջ գործընթացը պետք է թվայնացվի․ Գրիգոր Մինասյան

 Հայաստանի արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հայտարարել է, որ գնումների գործընթացներում  կոռուպցիան նվազագույնի է հասցվել։  Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Գրիգոր Մինասյանն այս մասին ասել է հունվարի 8-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքով՝ գնումների գործընթացը կատարելագործելու լավագույն միջոցը դրա թվայնացումն է և մարդուն որոշումների կայացման գործընթացից բացառելը։

«Պետք է թվայնացնենք գնումների ամբողջ գործընթացը։ Անհրաժեշտ է նաև սահմանել վերահսկողական մեխանիզմներ և հստակեցնել պատասխանատուներին, որովհետև շատ դեպքերում՝ նույնիսկ արդարադատության բլոկի մրցույթներում, դժվար է հասկանալ, թե ով և ինչի համար է պատասխանատու։ Օրինակ՝ դատարանի շենքի կառուցման մրցույթ է հայտարարվում, մի քիչ պատասխանատու է արդարադատության նախարարությունը, մի քիչ քաղաքաշինության կոմիտեն, մի քիչ դատական դեպարտամենտը, և այս դեպքում շատ հեշտ է պատասխանատվությունը մեկը մյուս վրա գցելը», - ասաց Մինասյանը։

Նախարարը նաև խոսեց գնումների գործընթացի ժամկետները կրճատելու անհրաժեշտության մասին։

«Երբ ամեն բան արվում է օրենքի տառին համապատասխան, գործընթացը շատ երկար է տևում»,- ասաց Մինասյանը։