ԿԲ-ն հաստատել է իրավական փոփոխություններ՝ դրամավարկային քաղաքականության գործառնությունների իրականացման վերաբերյալ

ԿԲ-ն հաստատել է իրավական փոփոխություններ՝ դրամավարկային քաղաքականության գործառնությունների իրականացման վերաբերյալ
Կենտրոնական բանկի խորհուրդը 2023 թ. դեկտեմբերի 26-ի նիստում նոր խմբագրությամբ հաստատել է «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ ռեպո գործարքների կնքման համար պարտատոմսերի սկզբնական մարժայի և շեմի հաշվարկման մեթոդաբանությունը» և ««Ռեպո/Հակադարձ ռեպո» համակարգում գործառնությունների իրականացման ժամանակ ոչ պետական պարտատոմսերի (կորպորատիվ արժեթղթերի) նկատմամբ կիրառվող չափանիշները»։ Այս մասին տեղեկացնում են Կենտրոնական բանկից։ 
Նոր խմբագրությամբ հաստատված փոփոխություններն առավել հստակ ու թափանցիկ են դարձնելու «Ռեպո/Հակադարձ ռեպո» համակարգում գործառնությունների իրականացման գործընթացը: Մասնավորապես, արժեթղթեր թողարկող կազմակերպությունները հնարավորություն են ունենալու նախքան արժեթղթերի թողարկումը հստակեցնել՝ արդյո՞ք թողարկվող արժեթուղթը (պարտատոմսը) կարող է ընդունելի լինել Կենտրոնական բանկի հետ ռեպո գործառնությունների համար, թե՞ ոչ: Առավել պարզեցվելու է վարկանիշ ունեցող պարտատոմսերի՝ ռեպո գործառնությունների համար ընդունելի պարտատոմսերի ցանկում ներառվելու գործընթացը:
Կատարված փոփոխությունները Կենտրոնական բանկին հնարավորություն կտան նաև կիրառել ռեպո գործառնությունների համար ընդունելի պարտատոմսերի վարկային ռիսկի գնահատման նոր մեխանիզմներ, իսկ ակտիվների կառավարման տեսանկյունից՝ ավելի արդյունավետ գնահատել և նվազեցնել Կենտրոնական բանկի ֆինանսական ռիսկերը:
Որոշման ընդունմամբ ակնկալվում է, որ վերջինս կնպաստի նաև արժեթղթերի շուկայի զարգացմանը։