«Հայաստանի էներգետիկ անվտանգություն» 2-րդ կլոր սեղանի արդյունքների ամփոփում

«Հայաստանի էներգետիկ անվտանգություն» 2-րդ կլոր սեղանի արդյունքների ամփոփում

Հայաստանի էներգետիկ նախաձեռնության հրավերով ս.թ դեկտեմբերի 23-ին կայացավ «Հայաստանի էներգետիկ անվտանգություն» 2-րդ կլոր սեղանը: Աշխատանքներին մասնակցեցին ավելի քան երեք տասնյակ առաջատար մասնագետներ, գիտնականներ և փորձագետներ:

Կլոր սեղանի հիմնական թեմաներն էին.

  • Ատոմային էներգետիկայի հիմնախնդիրները և հեռանկարները Հայաստանում.
  • «Կանաչ» էներգետիկայի հեռանկարները Հայաստանում.
  • Էներգետիկ ոլորտի կադրերի պատրաստման և վերապատրաստման հարցերը:

Կլոր սեղանի մասնակիցները արձանագրեցին, որ՝

1.  Հայաստանի մեկուսացումը բեկելու նախապայմանն է հանրապետության սոցիալ-տնտեսական շեշտակի զարգացումը: Այդ առումով հրամայական է հանրապետության արդյունաբերական, տեխնոլոգիական և տնտեսական առաջանցիկ զարգացմանն ուղղված Համալիր Ծրագրի մշակումն ու հաստատումը։ Այն պետք է միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում սահմանի ՀՀ զարգացման էներգետիկ ուղենիշները՝ սպառման աճն ըստ ոլորտների, բեռի ծածկման հաշվեկշիռները և այլ ուղենիշներ: Համալիր Ծրագիրը պետք է հիմնված լինի ռազմավարական տեսլականի վրա։

2.  Ելնելով էներգետիկ ոլորտի տեխնիկա-տեխնոլոգիական բնութագրերից՝ Հայաստանի էներգետիկ անվտանգությունն ունակ են երաշխավորել մեծ և միջին հզորության հիդրոկայանները, ատոմային էներգետիկ բլոկերը, շարժիչային վառելիքի ներկրումներից կախվածության թուլացումը: Էներգիայի այլ աղբյուրներ չեն կարող լուծել այս խնդիրը, քանի որ չեն հանդիսանում երաշխավորված հզորություններ ու ենթակա չեն կառավարման (դիսպետչերավորման): Ուստի գալիք տասնամյակների ընթացքում անհրաժեշտ է անընդհատ ունենալ արդի, արդյունավետ և բավարար ծավալով բազային գեներացիոն հզորություններ: Դրանք պետք է հիմնված լինեն ատոմային նոր բլոկի (բլոկերի) վրա՝ անվտանգ ու արդյունավետ շահագործման պատմություն ունեցող և իրենց հուսալիությունը ապացուցած ռեակտորների վրա։ Այդ առումով Հայաստանի համար չափազանց կարևոր է, հետևելով միջազգային օրինակին, պաշտոնապես ներառել ատոմային էներգետիկան «կանաչ էներգիայի» ցանկում («Green Taxonomy»):

3.  Հայաստանում բազային գեներացիոն հզորությունները պետք է զուգորդվեն էլեկտրական բեռի օրական, սեզոնային և տարեկան տատանումները բավարարող ոչ իներցիոն հզորություններով՝ հիմնված հիդրոէներգետիկայի, գազատուրբինային կայանների, «կանաչ» և վերականգնվող էներգիայի այլ աղբյուրների վրա: Բեռի գրաֆիկի հարթման և էլեկտրաէներգետիկ համակարգի արդյունավետության բարձրացման համար առավել հեռանկարային լուծումը՝ Հայաստանում հիդրոակումուլացիոն (կուտակիչ) էլեկտրական կայանի կառուցումն է, ինչպես նաև Մեղրի, Շնող և Լոռի-բերդ հիդրոկայանների պարտադիր և արագ կառուցումը։

4.  Տարածաշրջանում ենթակառուցածքային ուղիների համար սրացող մրցակցության պայմաններում, էլեկտրաէներգետիկ փոխհոսքերում Հայաստանի երբեմնի նշանակալի դերակատարման վերականգնման համար առաջնային են դեպի Իրան և Վրաստան 400 կՎ և ավելի լարման մայրուղային էլեկտրահաղորդման գծերի կառուցումը, զուգահեռ ռեժիմով աշխատանքների կազմակերպումը։ Դա կխթանի Հայաստանի ինտեգրումը տարածաշրջանային տնտեսական համակարգերին, և հնարավորություն կընձեռնի մասնակցել միջազգային ենթակառուցվածքային ծրագրերին (օրինակ` ուղղված «կանաչ» էներգիայի միջտարածաշրջանային փոխանցմանը):

5.  Հանրապետության ողջ տարածքում և, հատկապես Երևանում, մասնավոր, հանրային ու պետական էլեկտրատրանսպորտի զարգացումն ունի կարևոր նշանակություն: Էլեկտրոմոբիլների լայն տարածումը Հայաստանում դրականորեն կազդի էլեկտրաէներգետիկ համակարգի ընդհանուր արդյունավետության վրա՝ հարթելով օրական բեռի գրաֆիկը: Այդպիսի զարգացումը ունակ է հարթել նաև սեզոնային ու տարեկան բեռի գրաֆիկները, ինչը բազային գեներացիոն հզորությունների համար կկատարի յուրօրինակ, տարածականորեն՝ սփռված, «կուտակիչ կայանի» ֆունկցիա:

6.  Էներգետիկ ոլորտում սերնդափոխությունը և  երիտասարդ որակյալ կադրերի պատրաստումը ներկայիս լրջագույն խնդիրներից է: Օրեցօր սրվող այդ խնդիրների լուծման ուղիներից է պետություն-կրթական հաստատություն-արտադրություն համակարգված համագործակցությունը՝ այդ թվում, հիմնված ոլորտում կադրերի առաջարկի ու պահանջարկի, աշխատաշուկային համահունչ վարձատրության սկզբունքի վրա: ԲՈՒՀ-երում և/կամ միջին մասնագիտական կրթական հաստատություններում տեղերի հատկացման առաջնային պատվիրատուն պետք է լինի ոլորտը համակարգող պետական մարմինը՝ հիմք ընդունելով ոլորտում առկա և սպասելիք մասնագիտական պահանջարկը:

Արդի էներգետիկան արագ զարգացող, բարդ և բազմատարր համալիր է, որի կառավարումն ու ուղղորդումը պահանջում է համապատասխան կարողություններ, կայուն կառուցվածք, կադրերի պատրաստման ու անձնակազմի վերապատրաստման գործուն համակարգ։ Իսկ առավել նշանակալի էներգետիկ ծրագրերի իրականացումը երկարաժամկետ գործընթաց է, որը պահանջում է հետևողականություն, երկար կամք, ինստիտուցիոնալ հիշողություն և ճկուն համակարգում։ Այդ առումով անհրաժեշտ է ՀՀ պետական կառավարման համակարգում կատարել կառուցվածքային բարեփոխումներ, վերանայել կադրերի պատրաստման և վերապատրաստման համակարգը։

Վերոհիշյալ խնդիրների լուծումը կապահովի Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացումը, կամրապնդի հանրապետության էներգետիկ անվտանգությունը։