Էկոնոմիկայի նախարարությունը Հայաստանում 2-3 տարվա կտրվածքով անասնապահության արտադրողականության բարձրացում է կանխատեսում

Էկոնոմիկայի նախարարությունը Հայաստանում 2-3 տարվա կտրվածքով անասնապահության արտադրողականության բարձրացում է կանխատեսում

Հաջորդ տարի Էկոնոմիկայի նախարարությունը կսկսի խոշոր եղջերավոր անասունների արհեստական բեղմնավորման ծրագիրը։ Այդ մասին դեկտեմբերի 22-ին  ճեպազրույցում հաղորդել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Չբացահայտելով մանրամասները՝ գերատեսչության ղեկավարը նշել է, որ ծրագիրն ուղղված է Հայաստանում խոշոր եղջերավոր անասունների գենետիկական ներուժի բարելավմանը։ Ֆերմերներին շահավետ պայմաններ կառաջարկվեն անասունների արհեստական բեղմնավորման անցնելու համար՝ օգտագործելով բարձրակարգ տոհմական ցուլերի սերմը։ Ծրագրի իրականացման շնորհիվ, Քերոբյանի խոսքով, 2-3 տարվա կտրվածքով ոլորտում արտադրողականությունն էապես կաճի։

Միևնույն ժամանակ, նա պատմել է, որ հաջորդ տարի աշխատանքներ են տարվելու ՍՄԱՐԹ ֆերմաների ստեղծման ծրագրի բարելավման ուղղությամբ: Այսօրվա դրությամբ հանրապետությունում դրանք 51-ն են, ինչը, նախարարի խոսքով, մեծ ցուցանիշ չէ եւ չի կարող էական ազդեցություն ունենալ ճյուղի տնտեսական վիճակի վրա:

Ըստ վիճակագրական տվյալների՝ 2023թ. 9 ամիսներին Հայաստանում անասնաբուծության համախառն արտադրանքը  նվազել է 4%-ով՝ կազմելով 278.1 մլրդ դրամ։

2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում հաշվվել է 501 862 գլուխ խոշոր եղջերավոր անասուն, որը  10,3% - ով զիջում է մեկ տարվա վաղեմության ցուցանիշին:

Ընդ որում, հարկ է նշել, որ Էկոնոմիկայի նախարարության տվյալներով, ընթացիկ տարում Հայաստանում համարակալվել է 568 622 գլուխ խոշոր եղջերավոր անասուն:

Ալինա Հովհաննիսյան

Աղբյուրը՝   finport.am