Վարդենիս համայնքի 12 բնակավայրերում կառուցվել են 24 կիլոմետր 865 մետր ընդհանուր երկարության խմելու ջրատար ցանցեր

Վարդենիս համայնքի 12 բնակավայրերում կառուցվել են 24 կիլոմետր 865 մետր ընդհանուր երկարության խմելու ջրատար ցանցեր

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի 12 բնակավայրերում՝ Ավազանում, Արեգունիում, Արփունքում, Գեղամասարում, Սոթքում, Կուտականում, Նորակերտում,  Տրետուքում, Փամբակում, Փոքր Մասրիկում, Կարճաղբյուրում եւ Լուսակունքում ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում  կառուցվել են 24 կիլոմետր 865 մետր ընդհանուր երկարության խմելու ջրատարի արտաքին եւ ներքին ցանցեր։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, ջրատարների ներքին ու արտաքին ցանցերից բացի, նույն ծրագրի շրջանակներում, կառուցվել է 9 դրենաժային համակարգ, 2 հիդրանտ, 3 աղբյուրակապ, հիմնանորոգվել 1 օրվա կարգավորիչ ջրամբար, 2 աղբյուրակապ։

Վարդենիսի 12 բնակավայրերի խմելու ջրատարների կառուցման կամ վերակառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 341 միլիոն 161 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը։

Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հուլիս ամսից եւ նույն տարվա դեկտեմբերի 20-ի դրությամբ գտնվում են ավարտական փուլում։

Ծրագրի իրականացման արդյունքում վերանշյալ 12 բնակավայրերում քանակապես եւ որակապես բարելավվել է խմելու ջրի մատակարարումը։ Ծրագրի շահառու են հանդիսանում վերոնշյալ բնակավայրերի մի քանի հազար տնտեսություններ։ 

Խոսրով Խլղաթյան