Դիլիջանցի կանանց բիզնես-երազանքները՝ իրականություն

Դիլիջանցի կանանց բիզնես-երազանքները՝ իրականություն

Վերջին տարիներին հատկապես Դիլիջանի զբոսաշրջային դիմագիծն ընդգծվել է`  հանգստի գոտիներ, հյուրանոցներ, սննդի կետեր, ժամանացի վայրեր։ Այս ամենին զուգահեռ նաև մեծ ու փոքր բիզնեսի համար է նոր էջ բացվել, որի վրա իր ստորագրություն են թողնում նաև կանայք:

Մանուշ Հովնանյանը փոքրիկ կարի արհեստանոց է բացել, որը եղել է նրա տարիների երազանքը, նա մասնագիտությամբ մանկավարժ է, սակայն միշտ էլ ձեռքը կարի վրա է եղել:  40 տարի մանկավարժություն անելուց հետո որոշել է գնալ իր երազանքի հետևից և ունենալ փոքր կարի արհեստանոց: Բացի անձնական ներդրումները, նրան օգնել է նաև EU4IMPACT ծրագիրը:

-Տարիների երազանքս իրականություն դարձավ,-ասում է նա և հավելում, որ շուտով թոշակառու է դառնալու և թողնելու է հասարակագիտության ուսուցչուհու իր աշխատանքը ու զբաղվելու է  իր փոքրիկ արհեստանոցով։

Նշեց, որ այս պահին անկողնային պարագաներ են կարում և կան ցուցադրված նմուշներ, նախատեսում են նաև վարագույրներ, արտահագուստ, վերնաշապիկներ կարել:

Դիլիջանի զբոսաշրջային շարժը օգնում է նաև տիկին Մանուշի աշխատանքին՝ պատվիրում են հյուրանոցներին անհրաժեշտ պարագաներ, արդեն նախնական պայմանավորվածություններ կան։

Կարի արհեստանոցը երկու աշխատակցուհի ունի, փոքրիկ ունեցող մայրեր, ովքեր չեն կարող ողջ օրվա ռեժիմով աշխատանք գտնել, նրանք կարող են տանը կարել ազատ գրաֆիկով։

Տիկին Մանուշը բիզնես պլանը գրելու ժամանակ հատուկ նշել է ներառական և սոցիալական բաղադրիչը և այժմ կյանքի է կոչում, իհարկե ասում է, որ պարտադիր պայման չէ, սակայն առաջնահերթությունը տրվում է նրանց։

-Մեկ ամիս չկա աշխատում ենք, մեկ անկողնային հավաքածուն կարում են 500 դրամով,- մանրամասնեց նա:

Նշենք, որ տիկին Մանուշի կարի արհեստանոցը փոքր տարածք է զբաղեցնում, վերանորոգել, երեսպատել են և հույս ունի ժամանակի ընթացքում ավելի մեծ տարածքում շարունակել աշխատանքը։

-Եթե տուրիզմի զարգացում չլիներ, ես չէի էլ ռիսկ անի սկսել,- ասում է Մանուշը և հավելում, որ չնայած տուրիզմի դրական կողմերին,  զուգահեռաբար  տների, տարածքների գները բարձրացել են, մատուցվող ծառայությունները ևս թանկացել են։

Դիլիջանցի տիկին Մանուշի կարի արհեստանոցը դեռևս ցուցանակ չունի, պատվիրել է, սակայն անցնող-դարձողներն արդեն հետաքրքրվում են՝ պատվերներ կընդունե՞ք։ Տիկին Մանուշը  կանանց խորհուրդ է տալիս բիզնես ունենալ, եթե հատկապես երազանք ունես՝ պետք է իրականացնել, հակառակ դեպքում միշտ էլ հարց ես տալու՝ ինչո՞ւ չարեցի։ Եվ ամենակարևորը բացի երազանքների հետևից գնալը, պետք է փոքր քայլերով գնալ դեպի մեծ շուկա, համոզված է, որ ժամանակի ընթացքում  բիզնեսը կմեծանա և շուկան կընդլայնվի։

Հովասափյան Ռիման ևս դիլիջանցի է, 25 տարի Ռուսաստանի Դաշնությունում ապրելուց հետո վերադարձել է Հայաստան, ընտանիքով վերականգնել են հայրենի տունը և այժմ հայրենական տունը դարձրել է հյուրատուն: Գեղեցիկ դիլիջանյան համայնապատկերը, ընտանեկան միջավայրը և հարմարավետ մթնոլորտը արդեն երկու տարի է հյուրատան այցեքարտն են։ 

Հյուրատունը կոչվում է Ադոնիսի տուն, տան պապի՝ Ադոնիսի անունով, նա հյուրասեր մարդու համբավ ուներ, տանը միշտ էլ հյուրեր են ունեցել և հյուրատունը նաև պապիկի հիշատակը հարգելու և տան ավանդույթները շարունակելու գրավական է: Թեև մեծ ներդրումներին, տիկին Ռիման դժգոհ չէ արդյունքներից, քանի որ հյուրերի պակաս չկա։ Այժմ էլ նախապես պայմանավորվել են Ամանորի տոներին տունը վարձակալություն տալու համար։

-Ամառվա սեզոնին հանգստացողներ լինում են, իսկ ձմռանը մի փոքր պասիվ է, մեր ընտանիքը բնակվում է այստեղ՝  հյուրեր ընդունելու համար: Մեզ գտնում են բուկինգով, ծանոթ-այցելուների, ընկերների միջոցով։

Մինչև հիմա հիշում են հյուրատան առաջին այցելուներին՝ ընտանիք էր փոքր երեխաներով,  և իհարկե, ամեն ինչ անցել է ընտանեկան-հայկական մթնոլորտում: Ինչ վերաբերում է EU4IMPACT ծրագրին, ապա տեղյակ է եղել, դիմել են և ստացել աջակցություն և հյուրատան առաջին հարկի կահավորանքը, բակի լողավազան գնել են աջակցության գումաներով։ Նշում է, որ մոտ 3 մլն դրամ են ստացել և գումարը շատ տեղին ու ժամանակին էր, քանի որ դրա կարիքը խիստ զգում էին և գումարն օգնել է շարունակելու կիսատ աշխատանքը։

Այժմ երկու աշխատակից ունեն, նոր ծրագրեր են կյանքի կոչում, որի ավարտից հետո դարձյալ աշխատողների կարիք կունենան։ Տեղեկացնում է, որ հյուրատունը կարող է 26 հոգի միաժամանակ ընդունել, կա նաև առանձին խոհանոց, որտեղ կարող են հյուրերը իրենք պատրաստեն, բակում բացօթյա սեղանատուն կա՝ կրակի վրա պատարստելու հնարավորությամբ։

Չի փոշմանել, որ վերադարձել է հայրենիք, ասում է, որ արդեն չէին ցանկանում մնալ և մտածում էին հայրենիք վերադարձի և տեղում սեփական բիզնես ունենալու մասին, շարունակում է, որ անգամ ռուսներն են գալիս Դիլիջան՝ տարբեր բիզնես ծրագրերով և տեղյակ է, որ մեծ ծրագրեր կան:

Խոստովանում է, որ արդեն չէին կարողանում ապրել օտար ափերում, բացի այդ, անգամ Ռուսաստանում ծնված սերունդն է ձգտում վերադառնալ և ապրել հայրենիքում, քանի որ հասկանում են, որ այս աշխարհի մեր անկյունը Հայաստանն է: