ՊԵԿ․ Իրազեկում սոցիալական ծախսի հիմնավորման նպատակով հարկ վճարողի կողմից հաշվարկային փաստաթղթի դուրս գրման վերաբերյալ

ՊԵԿ․ Իրազեկում սոցիալական ծախսի հիմնավորման նպատակով հարկ վճարողի կողմից հաշվարկային փաստաթղթի դուրս գրման վերաբերյալ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ Հայաստանի Հանրապետությունում 2024 թվականից փուլային եղանակով մեկնարկում է Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը:  Հայտարարագիր ներկայացնող ֆիզիկական անձինք ունեն եկամտային հարկի գումարից սոցիալական ծախսի փոխհատուցման իրավունք։

Կոմիտեն ծառայություն մատուցող հարկ վճարողներին տեղեկացնում է, որ եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի շրջանակում, ֆիզիկական անձի կողմից իր և ընտանիքի անդամների համար կատարված սոցիալական ծախսերը հիմնավոր կհամարվեն և կարող են հաշվետու ժամանակաշրջանի համար հաշվարկված և վճարված (այդ թվում՝ հարկային գործակալի կողմից) եկամտային հարկի գումարներից փոխհատուցվել, եթե այդ ծախսերի համար դուրս է գրվել ՀՀ հարկային օրենսգրքով և ՀՀ կառավարության 29 հունիսի 2023 թվականի N 1067-Ն որոշմամբ սահմանված կարգով հաշվարկային փաստաթուղթ։

Հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելու համար ծառայություն մատուցողը պետք է կատարի հետևյալ քայլերը

1․ Անհրաժեշտ է մուտք գործել «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-invoicing) համակարգ և լրացնել ծառայությունների մատուցման, աշխատանքների կատարման հաշվարկային փաստաթուղթ։

2․ Հաշվարկային փաստաթղթի ծառայություններ (աշխատանքներ) ստացող անձի տվյալներ հատվածում պետք է նշել «Ֆիզիկական անձ» նշատուփը, որից հետո կհայտնվեն լրացուցիչ դաշտեր։ Այդ դաշտերից անհրաժեշտ է նշել «ՀՀ քաղաքացի» նշատուփը և ընտրել սոցիալական ծախսի տեսակը՝ «առողջության ապահովագրություն (ապահովագրավճար), կրթական ծախս (ուսման վարձ)»։

3․ Այնուհետև անհրաժեշտ է լրացնել հետևյալ տվյալները

  • եթե սոցիալական ծախսը կատարվել է հայտարարագիր ներկայացրած ֆիզիկական անձի համար, ապա «ծառայություն ստացող» և «սոցիալական ծախս կատարող» հատվածներում պարտադիր պետք է լրացնել հայտարարագիր ներկայացրած քաղաքացու հանրային ծառայությունների համարանիշի (ՀԾՀ) կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը և  անձը հաստատող փաստաթղթի  տվյալները։
  • Եթե սոցիալական ծախսը կատարվել է ընտանիքի անդամի համար, ապա «ծառայություն ստացող» հատվածում պետք է լրացվեն ընտանիքի անդամի տվյալները (ՀԾՀ և անձը հաստատող փաստաթուղթ), իսկ «սոցիալական ծախս կատարող» դաշտում՝ սոցիալական ծախսը կատարած, այսինքն, հայտարարագիր ներկայացրած ֆիզիկական անձի տվյալները։ Նշենք, որ ընտանիքի անդամ հանդիսանալու փաստը հիմնավորվում է ֆիզիկական անձի կողմից հարկ վճարողին ներկայացված փաստաթղթրի հիման վրա (ամուսնու դեպքում՝ ամուսնության վկայական, ծնողի դեպքում՝ ծնողի՝ անձը հաստատող փաստաթուղթ և հայտարարատուի ծննդյան վկայական, զավակի դեպքում՝ ծննդյան վկայական, որդեգրողի, որդեգրվածի դեպքում՝ որդեգրելու կամ որդեգրվելու համապատասխան հիմքը հաստատող փաստաթուղթ):

4․ Լրացված անձնագրային տվյալների ճշտությունը հնարավոր է տեսնել «ստուգել» կոճակի միջոցով։ Եթե անձնագրային տվյալներում լինեն անճշտություններ, ապա համակարգի կողմից կցուցադրվի հաղորդագրություն, և հնարավոր չի լինի դուրս գրել տվյալ հաշվարկային փաստաթուղթը։