Կայացել է ՓՄՁ ենթախորհրդի այս տարվա վերջին նիստը

Կայացել է ՓՄՁ ենթախորհրդի այս տարվա վերջին նիստը

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորությամբ դեկտեմբերի 7-ին կայացել է ՓՄՁ ենթախորհրդի այս տարվա վերջին նիստը։ ՓՄՁ Խորհրդի համակարգմամբ և մասնագիտական աջակցությամբ զբաղվում է ՎԶԵԲ-ի Հայաստանի ներդրումային խորհուրդը` Էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ: 

Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարության լրատվության վարչության հաղորդագրության, օրակարգային հարցերը երկուսն էին. այլընտրանքային լոգիստիկ ուղիների զարգացման հիմնախնդիրների քննարկումը և մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքներ ունեցող (հարկային արտոնություններ ստացած) սահմանամերձ համայնքների ցանկը լրացնելու մասին որոշումը: 

Ենթախորհրդի նիստին մասնակցում էին նաև Պետական եկամուտների կոմիտեի, ՀՀ Ֆինանսների նախարարության, ՀՀ Արդարադատության նախարարության, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչները: 

Նիստի ընթացքում առաջարկվել է մշակել պետական աջակցության ծրագիր, որի շրջանակում հնարավոր կլինի նվազեցնել տրանսպորտային ծախսերի բեռը տնտեսավարողների վրա: Օրակարգով քննարկվել է նաև նախագիծը, որով նախատեսվում է ընդլայնել կառավարության որոշմամբ սահմանված մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքներ ունեցող սահմանամերձ բնակավայրերի ցանկը՝ այն լրացնելով Սյունիքի և Վայոց Ձորի մարզի մի շարք բնակավայրերով։

Փոխվարչապետի գլխավորությամբ գործող ՓՄՁ Զարգացման Խորհրդի մասնագիտական աջակցությամբ զբաղվում է ՎԶԵԲ-ի Հայաստանի ներդրումային խորհուրդը՝ Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» աջակցությամբ: