ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանի շնորհավորական ուղերձը Մրցակցության համաշխարհային օրվա առթիվ

ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանի շնորհավորական ուղերձը Մրցակցության համաշխարհային օրվա առթիվ
Սիրելի հայրենակիցներ,
Որպես Հայաստանի մրցակցային մարմնի ղեկավար՝ այսօր ինձ համար անչափ կարևոր և հաճելի առիթ է շնորհավորելու մրցակցության ոլորտի աշխատողներին, բիզնեսի ներկայացուցիչներին և սպառողներին Մրցակցության համաշխարհային օրվա առթիվ:
Դեկտեմբերի 5-ը համաշխարհային տոնացույցով նշվում է որպես Մրցակցության օր սկսած 2010 թվականից ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի նախաձեռնությամբ: Սա ևս մեկ պատեհ առիթ է աշխարհի տարբեր երկրներում բարձրաձայնելու մրցակցության օգուտների մասին և ուշադրություն սևեռելու ոլորտի խնդիրների վրա:
Մրցակցությունը բիզնեսի արդյունավետության բարձրացման և գլոբալ առաջընթացի, ինչպես նաև երկրների երկարաժամկետ տնտեսական զարգացման շարժիչ ուժն է: Մրցակցությունը հենց այն անտեսանելի ձեռքն է, որն անզեն աչքի համար աննկատ կարգավորում է շուկան, առաջ մղում բիզնեսին և հեշտացնում սպառողների կյանքը՝ նրանց համար ստեղծելով ապրանքների և ծառայությունների մատչելի այլընտրանքներ:
Այս տարի մրցակցության համաշխարհային օրը նշում է «Առաջնահերթություն տալով սոցիալապես զգայուն ոլորտներին» կարգախոսի ներքո: Սա շատ կարևոր ուղերձ է, որի հիմքում ընկած է մարդակենտրոնությունը: Չէ՞ որ մեր բոլորի գործունեության գերնպատակը հենց մարդկանց բարօրությունն է, նրանց կյանքն ավելի լավը դարձնելը:
Սոցիալական կարևոր նշանակություն ունեցող շուկաները գտնվել և գտնվում են Հանձնաժողովի ամենօրյա ուշադրության կենտրոնում: Մենք առավել աչալրջորեն ենք հետևում այդ շուկաներում խաղի կանոնների պահպանմանը: Հանձնաժողովի տարեկան ուսումնասիրությունների շարքում անպայմանորեն տեղ են գտնում նաև սոցիալապես զգայուն ոլորտներ: Իհարկե, այս ոլորտներում բացահայտվող խնդիրները միայն մրցակցային չեն: Դրանք համընդգրկուն են և համակարգային լուծումներ են պահանջում՝ պետական այլ մարմինների, բիզնեսի և սպառողների ջանքերի մեկտեղմամբ:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս Մրցակցության համաշխարհային օրվա առթիվ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք, բարեկեցություն և ամենայն բարիք: