ՀՀ ԱԳ նախարարը Նորվեգիայի գործընկերոջն է ներկայացրել տարածաշրջանում կայունության և տևական խաղաղության հաստատման հարցում Հայաստանի տեսլականը

ՀՀ ԱԳ նախարարը Նորվեգիայի գործընկերոջն է ներկայացրել տարածաշրջանում կայունության և տևական խաղաղության հաստատման հարցում Հայաստանի տեսլականը

Նոյեմբերի 30-ին ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Էսպեն Բարթ Այդի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են երկու երկրների համագործակցության թեմաներ՝ երկուստեք արձանագրելով հարաբերությունների թե՛ զարգացման գոհացուցիչ դինամիկան, թե՛ խորացման պատրաստակամությունը։ Մտքեր են փոխանակվել թիրախային, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև գործարար շրջանակների համար գրավիչ ուղղություններով համագործակցության ընդլայնման շուրջ։

Ընդգծելով Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում ՀՀ բարեփոխումները և վերջին տարիներին արձանագրվող բարձր ցուցանիշները՝ Արարատ Միրզոյանը կարևորել է Նորվեգիայի հետ նշյալ ուղղություններով ակտիվ փոխգործակցութունը և զարգացման աջակցությունը: Երկուստեք մեծապես կարևորվել է այս և այլ ուղություններով ՀՀ-ԵՄ գործընկերության խորացումը։

Հայաստանի և Նորվեգիայի ԱԳ նախարարները հանգամանալից անդրադարձել են Հարավային Կովկասում վերջին զարգացումներին և առկա միտումներին։ Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել տարածաշրջանում կայունության և տևական խաղաղության հաստատման հարցում Հայաստանի տեսլականն ընդհանուր առմամբ, ինչպես նաև այդ ուղղությամբ առկա կոնկրետ նախաձեռնությունները, իրականացվող քայլերը։ Այս համատեքստում, կարևորելով տարածաշրջանային ընդգրկուն ծրագրերի կյանքի կոչումը, Արարատ Միրզոյանը մանրամասնել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի առանձին բաղադրիչներ:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայությանը էթնիկ զտման հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի կարիքների և իրավունքների հասցեագրման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից ծրագրված և արդեն իսկ իրականացվող քայլերը: