Կապահովվի քաղաքաշինության ոլորտում գործարար միջավայրի բարելավմանն ուղղված հետևողական քայլերի շարունակականությունը
Կառավարությունը սահմանել է քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման ու որակավորման կարգը՝ քաղաքաշինության ոլորտում գործարար միջավայրի բարելավմանն ուղղված հետևողական քայլերի շարունակականության ապահովման, լիցենզավորման ընթացակարգերի հետագա կանոնակարգման ու պարզեցման, ինչպես նաև կոռուպցիոն ռիսկերի նվազեցման անհրաժեշտությամբ պայմանավորված:
Ըստ այդմ՝ առաջարկվում է օպտիմալացնել կառուցապատման ընթացակարգի առանձին փուլերը կանոնակարգող, տարբեր տարիներին հաստատված և ներկայումս գործող օրենսդրական ակտերը, դրանք մեկ ընդհանրական փաստաթղթում միավորելու, առկա փոխհատումներն ու կրկնությունները վերացնելու, լիցենզիաների տրամադրման առավել հստակ և հնարավորին պարզ պայմաններ սահմանելու միջոցով` դրանք փոխկապակցելով օբյեկտների ռիսկայնության աստիճանի հետ:
Նախատեսում է թվայնացնել լիցենզավորման ընթացակարգային ամբողջ գործընթացը` սկսած փաստաթղթերը առցանց ներկայացնելուց մինչև էլեկտրոնային ձևաչափով պաշտոնական լիցենզիա ստանալը` առանց այն վերցնելու ֆիզիկական ներկայության պարտավորության, միևնույն ժամանակ` տրամադրելով լիցենզիայի էլեկտրոնային տարբերակը: Էլեկտրոնային համակարգը պետք է համակցված լինի բնակչության պետական ռեգիստրին, իրավաբանական անձանց պետական ռեգիստրին, ՀՀ պետական եկամուտների կոմիտեում գործող թվային գրանցամատյաններին և այլ պետական և տեղական մարմիններում գործող գրանցամատյաններին, որի արդյունքում պետք է ինքնաշխատ եղանակով ստուգի ներկայացված փաստաթղթերը և բացառի սխալ տեղեկատվության ներկայացումը։