Հայաստանի առևտրային բանկերում ոչ ռեզիդենտների ավանդների տեսակարար կշիռը նվազել է

Ինչպես հայտնի է, նախորդ տարվա փետրվարից (Ուկրաինայում «հատուկ ռազմական գործողության» մեկնարկ) հետո, Ռուսաստանից արտագաղթի հզոր ալիքը բառացիորեն հեղեղեց մի շարք հարևան երկրներ։ Ընդ որում, առաջին հերթին այն երկրները, որոնց հետ մեր հյուսիսային հարևանն ուներ առանց վիզայի ռեժիմ։ Այս գործընթացը չշրջանցեց նաև Հայաստանը․ այստեղ ժամանեցին հազարավոր ռուսաստանցիներ (միժամանակ նաև բելառուսներ և ուկրաինացիներ՝ ավելի սակավ թվով)։ Ճիշտ է, կարճ ժամանակ անց նրանց մի մասը տարանցիկ ճանապարհով տեղափոխվեց այլ երկրներ։ Մնացած միգրանտներն անորոշ ժամանակով մնացին Հայաստանում։ Այս իրադարձությունն արդեն իսկ որոշակի ազդեցություն ունեցել է (և կունենա մոտ ապագայում) մեր երկրի տնտեսության վրա։ Դիտարկենք այդ ազդեցության ընդամենը մեկ օրինակ՝ առևտրային բանկերում ավանդները։
Ներքոնշյալ գծապատկերում ներկայացված է Հայաստանի բանկային համակարգում ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների ավանդների դինամիկան 2020 թվականի հունվարից մինչև 2023 թվականի սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում։
Նշված ժամանակահատվածում բանկերում ավանդների ընդհանուր ծավալն ավելացել է ռեկորդային չափով՝ 1,97 տրլն դրամով (կամ աճել է գրեթե 1,6 անգամ)՝ արդյունքում կազմելով 5,38 տրլն դրամ։ Միաժամանակ, ոչ ռեզիդենտների ավանդներն աճել են 340 մլրդ դրամով (կամ մոտավորապես 1,4 անգամ)։
Գծապատկերից երևում է, որ ռեզիդենտների ավանդների դինամիկայի միտումը հիմնականում բնութագրվում է աճով։ Ոչ ռեզիդենտների դեպքում պատկերն այլ է. մինչև 2022 թվականի մայիսը ոչ ռեզիդենտների ավանդների դինամիկան նույնիսկ «թույլ» նվազման միտում էր ցուցաբերում։ Այնուհետև իրավիճակը փոխվեց, և շուտով` սեպտեմբերին, ոչ ռեզիդենտների ցուցանիշը տեղավորվեց 1,0-1,5 տրլն դրամի սահմաններում։ Թեև հետագայում ավանդների ծավալը որոշ չափով նվազեց, այնուամենայնիվ, այն մնաց այս՝ որակապես նոր միջակայքում։ Այստեղ, անկասկած, որոշակի դեր խաղաց ռուսաստանցիների զանգվածային ժամանման վերը նշված գործոնը։
Բայց արդյո՞ք բոլոր ժամանող ռուսաստանցիները զանգվածաբար իրենց գումարները ավանդների տեսքով փոխանցեցին հայկական բանկեր։ Չէ՞ որ ներդրումը ենթադրում է ֆինանսական ռեսուրսների որոշակի «սառեցում», որն արդարացված է միայն այն դեպքում, եթե միգրանտները երկարաժամկետ գտնվեն իրենց համար օտար երկրում։ Բայց ամեն ինչ պարզ է դառնում, երբ հաշվի ենք առնում մի կարևոր հանգամանք՝ ցպահանջ ավանդների մեջ ներառված են նաև հաշիվները։
Գծապատկերում ներկայացված է Հայաստանում բանկային հաշիվների ամսական աճը։ Այստեղ հստակ երևում է, որ հաշիվների թվի նկատելի աճ է սկսվել նախորդ տարվա մարտին, և այս ցուցանիշի գագաթնակետը գրանցվել է 2022 թվականի դեկտեմբերին։ Այնուհետև այս գործընթացը որոշ չափով դանդաղել է։ Իհարկե, բանկային հաշիվների թվի աճն ունի իր օբյեկտիվ սահմանը։
Ժամանած ռուսաստանցիների թվում շատ են տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի ներկայացուցիչները, ինչպես նաև գործարարներ (որոնք աշխատում են Ռուսաստան զուգահեռ ներմուծման սխեմայով)։ Հասկանալի է, որ նրանց գործունեությունն ուղղակիորեն կապված է դրամական փոխանցումների հետ, դրա համար էլ հաշիվներ են բացել։ Բացի այդ, կա ևս մեկ գործոն, որը նպաստում է Հայաստանում բանկային հաշիվների աճին։
Նախորդ տարվա հուլիսից 300 հազար դրամից ավելի գործառնություններն ու գործարքները պետք է վճարվեն միայն անկանխիկ եղանակով։ Նման գործարքների պոտենցիալ շրջանակը բավականին ընդարձակ է: Այն ներառում է անշարժ գույքի, ավտոմեքենաների, թանկարժեք կահույքի և կենցաղային տեխնիկայի առքուվաճառքը, ինչպես նաև տարբեր տեսակի ծառայությունները (ավիատոմսերի և ճանապարհորդական փաթեթների գնում, տան և ավտոմեքենայի վերանորոգման վճարներ և այլն): Հետևաբար, այդ գործարքներն իրականացնող քաղաքացիները ձեռք են բերել բանկային հաշիվներ, ինչպես նաև քարտեր (եթե նախկինում դրանք չեն եղել): Դրան նպաստել է նաև ինտերնետի միջոցով ապրանքների առքուվաճառքի մասշտաբների հետևողական ընդլայնումը։
Գծապատկերում ներկայացված է Հայաստանի առևտրային բանկերում հաշիվների քանակը 2020 և 2023 թվականներին։ Հաշիվների քանակի աճի տեմպերով իրավաբանական անձինք (աճը՝ 1,8 անգամ) առաջ են ֆիզիկական անձանցից (աճը՝ 1,4 անգամ)։ Սակայն բացարձակ աճի առումով հաշիվների պատկերը ճիշտ հակառակն է՝ իրավաբանական անձինք՝ 0,2 մլն-ից պակաս և 2,5 մլն՝ ֆիզիկական անձինք։
Ոչ ռեզիդենտների ավանդների գերակշիռ մասը (ավելի քան 80%) արտարժույթով է։ Ռեզիդենտների մոտ այս ցուցանիշը երկու անգամ ցածր է (40%-ից մի փոքր ավել): Հիշեցնենք, որ արդեն հեռավոր անցյալում ճիշտ հակառակ պատկեր էր։ Սակայն Կենտրոնական բանկի՝ տարիների ընթացքում տնտեսության ապադոլարիզացման քաղաքականությունը հանգեցրել է կտրուկ փոփոխությունների։ Ահա այս քաղաքականության մեկ օրինակ. ամենաբարձր տարեկան տոկոսադրույքները առավելագույնի հասցնելու նպատակ հետապնդող ներդրողների համար այսօր ավելի շահավետ է ավանդ պահել հայկական դրամով, քան արտարժույթով։ Եթե, իհարկե, այս ժամանակահատվածում ԱՄՆ դոլարը (կամ եվրոն) չսկսի նկատելի ամրապնդվել։
Հայաստանի կենտրոնական բանկն արտարժույթով ավանդների ցուցանիշը հրապարակում է հայկական դրամի վերահաշվարկով։ Ընդ որում` օգտագործվում է համապատասխան արտարժույթի ընթացիկ փոխարժեքը: Դա կարող է հանգեցնել դոլարով (եվրոյով) ավանդների ծավալի դինամիկայի իրական պատկերի խեղմանը։
Մեր հաշվարկներով՝ արտարժույթով ավանդների մոտավորապես 95%-ը ներկայացված է ԱՄՆ դոլարով։ Ուստի բոլոր ավանդները վերածենք արտարժույթի՝ դրամը փոխարկելով ԱՄՆ դոլարի։ Ներքոնշյալ գծապատկերում ներկայացված է արտարժութային ավանդների դինամիկան՝ դրամից վերահաշվարկված ԱՄՆ դոլարի (միլիարդավոր դոլարներով):
Ոչ ռեզիդենտների արտարժութային ավանդների՝ վերջին ամիսներին նկատվող նվազման միտումը կարող է ունենալ տարբեր պատճառներ։ Ահա դրանցից ամենապարզը. ժամանած ռուսաստանցիների որոշ մասը տեղափոխվել է այլ երկրներ, կամ էլ վերադարձել է հայրենիք։ Բնականաբար, հաշիվներից նախապես հանելով իրենց գումարները:
Բանկերում ավանդների ընդհանուր ծավալում ոչ ռեզիդենտների մասնաբաժինը առավելագույնի է հասել անցյալ տարվա հոկտեմբերին՝ 29,5%: Այնուհետև, ընթացիկ տարվա սեպտեմբերին, այս ցուցանիշը գահավիժել է մինչև 23,9 տոկոս: Դրան նպաստել են ռեզիդենտների ավանդների առաջանցիկ աճի տեմպերը։
Որպես եզրափակում ավելացնենք, որ հարկային «ռեզիդենտ» և «ոչ ռեզիդենտ» հասկացությունները կարող են վերանայվել։ Համապատասխանելով օրենքի պահանջներին՝ ֆիզիկական (կամ իրավաբանական) անձը կարող է փոխել «ոչ ռեզիդենտի» կարգավիճակը «ռեզիդենտի» և հակառակը։ Այդ նույն ընթացակարգն իրականացվում է համապատասխան պետական գերատեսչության կողմից՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց վերաբերյալ ստացված տվյալների հիման վրա։
Դրանից ելնելով՝ Ռուսաստանից միգրանտների կարգավիճակը (Հայաստանում աշխատանքային գործունեությամբ զբաղվող) միանգամայն կարող է «ոչ ռեզիդենտից» փոխվել «ռեզիդենտի»։ Այս դեպքում նրանց ավանդներն ու հաշիվները պաշտոնական վիճակագրությամբ կներկայացվեն ռեզիդենտների բաժնում: