Հանքարդյունաբերությունը զիջում է դիրքերը, պետ՞ք է անհանգստանալ

Հանքարդյունաբերությունը զիջում  է դիրքերը, պետ՞ք է անհանգստանալ
2023թ. հունվար-սեպտեմբերի տվյալներով  Հայաստանի խոշորագույն հարկատուն շարունակում է մնալ հանքարդյունաբերող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն (ԶՊՄԿ)։ Ընկերությունը 9 ամսում պետական բյուջե է վճարել 52.4 մլրդ դրամի հարկեր ու տուրքեր։ Չնայած առաջատարի դիրքին՝ հանքարդյունաբերողի հարկերը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել են 2.5 անգամ։  
Նախորդ տարի ԶՊՄԿ-ի հարկերի աճին նպաստել էին պետական տուրքի բարձրացումը, միջազգային շուկաներում պղնձի գնաճը, ինչպես նաև՝ նախկին տարիներին հարկային ստուգումների արդյունքում արձանագրված լրացուցիչ 15 մլրդ դրամի վճարումը պետական բյուջե։
Որո՞նք են խոշորները
Ընդհանուր առմամբ, պետական եկամուտների կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, 2023 թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին խոշոր հարկատուները վճարել են  մոտ 1 տրլն 267 մլրդ դրամ։ 2022-ի նույն ամիսների համեմատ այս թիվն աճել է 184 մլրդ դրամով կամ 17%-ով։  2023-ի հունվար-սեպտեմբերին հանրապետության երկրորդ խոշոր հարկատուն «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն է, որի հարկերը կազմել են 39.5 մլրդ դրամ՝ նվազելով 5.5%-ով։ Եռյակը եզրափակում է ծխախոտ արտադրող «Գրանդ տոբակո» ՍՊԸ-ն՝ 31 մլրդ դրամ հարկերով և 4.4% անկմամբ։ Ընդհանուր առմամբ, հարկատուների ցանկը արտացոլում է տնտեսական զարգացումները՝ կարծում են փորձագետները։ «Օրբելի» վերլուծական կենտրոնի հետազոտող Մերի Բոյաջյանը ejc.am–ի թղթակցի հետ զրույցում նշում է, որ վճարած հարկերի աճի ցուցանիշով առաջատար են տեխնիկայի վաճառքով զբաղվող ընկերությունները։ Այստեղ իր դերն ունի և վերաարտահանումը, և վաճառքի ավելացումը՝ արձանագրում է փորձագետը․ «Նախորդ տարվա համեմատ վճարած հարկերի ցուցանիշով առաջատար են  «Մոբայլ Սենթր Արթ»-ն ու «Փրիթի Ուեյ» ընկերությունները։ Ամենայն հավանականությամբ առաջիկայում դիտարկվող ընկերությունները տոների կապակցությամբ մեծ զեղչեր ու խաղարկություններ կկազմակերպվեն։ Սա իր ուղղակի ազդեցությունը կունենա խոշոր հարկատուների տարեկան ցանկում»։
Խոշոր հարկատուների ցանկում նաև նոր ընկերություններ կան։ Առաջին հարյուրյակում երկու նոր ընկերություն կա՝ «Նեվիս» և «ԿԵՀ Արմենիա»։ Առաջին հարյուր հարկատուների վճարած հարկերի ծավալը 10 տոկոս է, վերջին հարյուրյակինը՝ 30 տոկոս՝ արձանագրում է տնտեսագետ Արմեն Քթոյանը։
«Ցանկի վերջնամասում գտնվող ընկերությունները վճարած հարկերի ծավալով ավելի շատ հարկ են վճարել՝  2022–ի համեմատ, քան առաջին հարյուրյակում ներառված ընկերություններն են։  Առաջին հարյուրյակի ընկերություններն այս տարի 710 մլրդ դրամ են վճարել, անցյալ տարի՝ 650 մլրդ դրամ։ Վերջին հարյուրյակում գտնվող ընկերությունները՝ 26 մլրդ դրամ, անցյալ տարի 20 մլրդ դրամ էլ չէին վճարել»,- ասում է Քթոյանը։
Ի դեպ, 240 հարկատու այս տարի 1 մլրդ դրամից ավելի հարկ է վճարել, անցյալ տարի նրանց թիվը 188 էր։ Հարկատուների մոտ կեսը 500 մլն դրամ և ավելի հարկեր է վճարել, անցյալ տարի նրանց թիվը 380 էր։
Հանքարդյունաբերությունը զիջու՞մ է դիրքերը
Ընդհանուր առմամբ,  hանքարդյունաբերական ընկերություններից միայն ԶՊՄԿ–ն է, որ ոչ միայն խոշոր հարկատուների տասնյակում է, այլ նաև գլխավորում է ցանկը։ Տարիներ շարունակ առաջին տասնյակում առնվազն երեք ընկերություն ներառված էր լինում։ Բայց 2022–ից սկսած պատկերը փոխվում է։ «Գեոպրոմայնինգ գոլդ» ու «Թեղուտ» ընկերությունները ունեն խնդիրներ։ Թերևս, սրանով էլ պայմանավորված՝ նրանք վերջին շրջանում զիջել են իրենց դիրքերը։  44–օրյա պատերազմից հետո Ադրբեջանին անցավ Սոթքի հանքավայրի մեծ մասը, որը շահագործում էր  «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունը։ Թեղուտի բաժնետոմսերն էլ ՎՏԲ բանկում էին գրավադրված։ Բանկը պատժամիջոցների տակ է, ինչն էլ իր ազդեցությունն է թողնում  ընկերության աշխատանքների վրա։
Հայաստանի հանքարդյունաբերական պալատ կազմակերպության նախագահ Արտյոմ Գեղամյանը ejc.am-ի հետ զրույցում ընդգծում է՝  աշխարհում հանքարդյունաբերության պահանջարկը գնալով մեծանում է։ Մի շարք հեղինակավոր ընկերությունների կանխատեսումներով՝ մինչև 2050թ աշխարհում առաջանալու է պղնձի դեֆիցիտ։ Սա պայմանավորված է այսպես կոչված «էներգետիկ» անցմամբ, երբ աշխարհում պետք է արտանետումները զրոյի հասցվեն։ Այս համատեքստում մի շարք մետաղների հատկապես պղնձի, նիկելի, կոբալտի պահանջարկը մեծանալու է աշխարհում։ Հատկապես խոշորագույն պղինձ արտահանող երկրներում՝ Չիլիում ու Պերույում,  տիրող իրավիճակը կազդի գունավոր մետաղների շուկայի վրա։ ՀՀ կառավարությունն ու հանքարդյունաբերողները պետք է ուշադրությամբ հետևեն այս գործընթացներին։ Գեղամյանի խոսքով՝  տարբեր երկրներում կառավարությունները սկսում են ավելի մեծ ուշադրություն դարձնել ազգային ռեսուրսներին, մեծանում է   նրանց  մասնակցությունը բնական ռեսուրսների  կառավարման ընկերություններում։ Հայաստանն էլ բացառություն չէ։  ԶՊՄԿ-ում Հայաստանի կառավարությունն ունի 21.875% բաժնեմաս։ 2021թ.-ի սեպտեմբերի 30-ին ՀՀ կառավարությունը կոմբինատից որպես նվիրատվություն 15% բաժնեմաս է ստացել, այնուհետև 2022թ.-ի մարտի 24-ին՝ ևս 6.8%:  «ՀՀ կառավարությունը որդեգրել է նման մոտեցում, բայց դեռ հարցական է, թե ՀՀ–ում այդ գործընթացը որքանով է կարգավորված Բայց կարծում եմ, որ բավարար ջանքեր գործադրում է այդ ուղղությամբ»,– ասում է Հայաստանի հանքարդյունաբերական պալատի նախագահը։ Նրա խոսքով՝  տեխնոլոգիական տեսանկյունից ՀՀ հանքարդյունաբերության ոլորտը դեռեւս շատ անելիքներ ունի։ 
«Մետալուրգիական խոշոր նախագծեր պետք է իրականացվեն Հայաստանում,– կարծում է Արտյոմ Գեղամյանը՝ բացատրելով, որպեսզի հանքարդյունաբերության ոլորտում ստեղծվող արժեքը մնա Հայաստանում»։ Նրա խոսքով՝ այս տարի Հայաստանում արտադրվել է 208 739 տոննա պղնձի խտանյութ,   2022–ի համեմատ՝ մոտ 13 տոկոս աճ է արձանագրվել։ Կարևոր է երկրաբանական հաշվետվությունների, ստանդարտների փոփոխությունները։ «Եթե ցանկանում ենք, որ Հայաստանը գրավիչ երկիր դառնա միջազգային ներդրողների համար, ապա պետք է նրանց հետ խոսենք հասկանալի լեզվով՝ այս դեպքում միջազգային ստանդարտների»,–ասում է  Հայաստանի հանքարդյունաբերական պալատի նախագահը։ 
Հայաստանի հանքարդյունաբերական պալատը  շահույթի նպատակ չհետապնդող կազմակերպություն է, ստեղծվել է 2023 թվականի հունիսին։ Կազմակերպության ստեղծման հիմքում ընկած է «հանքարդյունաբերություն անվտանգության համար» գաղափարը։ Աշխարհի շատ, փոքր ու անվտանգային խնդիրներ ունեցող երկրներում,որոնք նաև բնական պաշարներ ունեն, դրանք դիտարկվում են ոչ միայն կոմերցիոն տեսանկյունից, այլ նաև որպես տվյալ երկրի անվտանգային կարևորագույն բաղադրիչ։ Սա ցանկանում են  նաև կիրառել Հայաստանում։ Բացի այդ, կազմակերպության նպատակն է հանքարդյունաբերության ոլորտում բարձրագույն ստանդարտների սահմանումը։ Հայաստանի հանքարդյունաբերական պալատի համահիմնադիրներն են հանքարդյունաբերության ոլորտում հեղինակավոր ծագումով հայ, կանադացի գործարարներ։