Փոփոխություններ կիրականացվեն ուսուցիչների կամավոր ատեստավորման կարգում

Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի՝ «Ուսուցիչների կամավոր ատեստավորման, կամավոր ատեստավորման արդյունքով ուսուցչի դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրամադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգը հաստատելու մասին» N 596-Ն որոշման հավելվածում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշմանը:
Նախագծի մշակման նպատակը գործող կարգում կամավոր ատեստավորման գործընթացի կազմակերպման ընթացքում ի հայտ եկած բացերի և խնդիրների հստակեցումն է ու որոշ դրույթների վերանայման արդյունքում միջոցառման ավելի կանոնակարգված կազմակերպումը: Համատեղությամբ աշխատանքի մասին դրույթի վերանայման անհրաժեշտությունը պայմանավորված է ուսուցիչների արձանագրած արդյունքի համար նրանց խրախուսելու, դրույքաչափի փոփոխության և հավելավճարի տրամադրման սկզբունքը պահելու, ուսուցիչների վարձատրությունը բարելավելու նպատակահարմարությամբ: Դասավանդվող առարկաների ցանկը անհրաժեշտ է ամբողջացնել:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ըստ որոշման, այս փոփոխությունները կամավոր ատեստավորման գործընթացը կդարձնեն ավելի մասնակցային, ուսուցիչների համար ավելի գրավիչ և դյուրին։
«Ասեմ, որ նաև քայլեր են ձեռնարկվել ատեստավորման գործընթացի թվայնացման ուղղությամբ՝ հաջորդ տարի արդեն այս տրամաբանությամբ գործընթացը կազմակերպելու նպատակով։ Կամավոր ատեստավորման գործընթացին մասնակցած և 60-69 % արդյունք ցուցաբերած ուսուցիչը ևս կունենա դրույքաչափի փոփոխություն՝ առանց հավելավճարի: Կարգավորումը կկիրառվի սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից սկսած, և նախորդ տարիներին ատեստավորված լինելու և 60-69 % արդյունք ունենալու պարագայում ուսուցչի վարձատրության վերահաշվարկ չի լինելու, և դրույթը տարածվելու է միայն տվյալ և հետագա տարիների վարձատրության վրա: Երկու ատեստավորումների արդյունքների միջև 15 % աճ գրանցած, բայց չատեստավորված և վերաատեստավորված, ատեստավորմանը մասնակցած 50-59 % արդյունք ապահոված ուսուցիչները հնարավորություն կունենան մասնակցելու հաջորդ ատեստավորմանը: Համատեղությամբ աշխատող և հավելավճար ստացող ուսուցիչը կունենա նաև դրույքաչափի փոփոխություն: Համատեղությամբ աշխատող ուսուցիչների մասին դրույթի լավարկման արդյունքում վարձատրության մեխանիզմը կնույնացվի հիմնական աշխատավայրում կիրառվող սկզբունքի հետ, որը դրական ազդեցություն կունենա ուսուցչի վարձատրության վրա»,- ասել է նախարարը:
Այս կարգավորման շնորհիվ ատեստավորման արդյունքով առարկայական իմացության բարձր ցուցանիշ արձանագրած մասնագետը շահադրդված կլինի մնալ համակարգում, կրթել ավելի շատ թվով սովորողների: