Այսօրվանից ընդունվում են նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների համար նախատեսված 50 000 դրամ աջակցության դիմումները

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ճեպազրույցի ընթացքում ներկայացրել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրների լուծմանն ուղղված ՀՀ կառավարության ծրագրերը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը ներկայացրել է տվյալներ կյանքի դժվար իրավիճակում հայտնված երեխաների, միայնակ տարեցների, հաշմանդամություն ունեցող անձանց, բռնի տեղահանության հետևանքով, հատկապես խոցելի խմբեր համարվող կանանց, հղի կանանց, աղջիկների համար նախատեսված ծառայությունները:
Ըստ այդմ՝ այս պահի դրությամբ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում կամ արտապատվիրակմամբ գործող տարեցների թվով վեց շուրջօրյա խնամքի հաստատություններում խնամք են ստանում, բնակվում են 83 տարեց, որոնցից 17-ը Ստեփանակերտի ծերանոցից են, 50-ը միայնակ են: Ստեփանակերտի գիշերօթիկ հաստատությունում սեպտեմբերի 24-ի դրությամբ բնակվող թվով 10 երեխա՝ 5 աղջիկ և 5 տղա, 1-ից մինչև 17 տարեկան, նույնպես սեպտեմբերի 25-ին տեղափոխվել են շուրջօրյա խնամքի հաստատություն: Բոլոր երեխաներն ունեն կենսաբանական ծնողներ:
Տաթևիկ Ստեփանյանը նաև տեղեկացրել է, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հավաստագրված բազմաթիվ կազմակերպությունների, հասարակական սեգմենտի ներկայացուցիչների միջոցով ծառայություններ է մատուցում տարեցներին՝ ինչպես տնային խնամքի տեսքով, այնպես էլ ցերեկային կենտրոններում: Ծառայություններ են ստանում նաև հաշմանդամություն ունեցող անձինք՝ իրենց կարգավիճակով պայմանավորված: Նախարարի տեղակալի ներկայացմամբ, գործընթացներ են իրականացվում նաև առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար, ըստ որի՝ համայնքը խնամակալ կամ հոգաբարձու է նշանակում այդ երեխաների համար:
Զարուհի Մանուչարյանն անդրադարձել է Կառավարության այսօրվա նիստով հաստատված որոշմանը, ըստ որի՝ ևս 500 մլն է հատկացվել 100 000 դրամ միանվագ աջակցության տրամադրման համար: Նա տեղեկացրել է, որ ծրագրից արդեն իսկ օգտվել է 104 200 անձ, 3800 անձի տվյալ արդեն մշակված է, ովքեր 500 մլն հատկացումից հետո կստանան աջակցությունը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղարը նշել է, որ Լաչինի միջանցքի փակման հետևանքով Հայաստանում բժշկական օգնություն ստանալու, ինչպես նաև ուսումնառության նպատակով տեղափոխված ևս շուրջ 800 անձի տվյալ փոխանցվել է և մշակվում է:
Զարուհի Մանուչարյանը տեղեկացրել է, որ հոկտեմբեր ամսվա ընթացքում 40+10 հազար դրամ վճարվել է 99 820 անձի: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղարն ընդգծել է, որ այս թվում ներառված է նաև այս շաբաթ կատարված վճարումները (այս շաբաթ վճարում է իրականացվել 7295 անձի): 40+10 հազար դրամ աջակցության շրջանակում շարունակվում է նոյեմբեր և հաջորդող ամիսների համար նախատեսված դիմումների ընդունումը: Դիմումներն ընդունվում են socservice.am կայքէջի միջոցով:
Զարուհի Մանուչարյանը տեղեկացրել է, որ այսօրվանից ընդունվում են նաև երկամսյա՝ նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների համար նախատեսված 50 000 դրամ աջակցության դիմումները: Կայքէջը կհրապարակվի առաջիկա ժամերի ընթացքում:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նշել է, որ հոկտեմբերի 5-ի դրությամբ շուրջ 10 000 անձ գտնվում էր հյուրատներում և հյուրանոցներում, իսկ այսօրվա դրությամբ 40+10 հազար դրամ աջակցության շնորհիվ հյուրանոցներում և հյուրատներում կա 1143 անձ:
Վաչե Տերտերյանը տեղեկացրել է, որ Կառավարությունն այսօրվա դրությամբ մարզպետարաններին հատկացրել է շուրջ 3.4 մլրդ դրամ, բացի այդ Սյունիքի մարզպետարանին հատկացվել է 579 մլն դրամ: Այս գումարները նախանշված են տեղահանված անձանց կեցավայրերի, սննդի, առաջին անհրաժեշտության որոշակի օժանդակությունների իրականացման համար: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալը նշել է, որ 83.2 տոկոսով տրված գումարը փաստացի ծախսված է: